Պետական եկամուտների կոմիտեն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության փորձագետների աջակցությամբ ծառայությունների էլեկտրոնային առևտրի որոտի հարկման լուծումներ գտնելու բանակցությունների սեղանի շուրջ է համախմբել աշխարհում առաջատար տեխնոլոգիական ընկերություններին: Երկարատև բանակցություններից հետո, գործընկերային դաշտ ձևավորելու ամենօրյա աշխատանքի արդյունքում ՊԵԿ-ում կայացել է տեսակոնֆերանս ոլորտի խոշորագույն դերակատարների ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են Microsoft, Google, Facebook, Booking.com, Netflix, Amazon, Spotify, KPMG և այլ ընկերությունները: Հայաստանն այսօր ունի եզակի հնարավորություն` էլեկտրոնային ծառայությունների ոլորտի համաշխարհային առաջատարներին առաջարկելու բարենպաստ միջավայր՝ ինքնահայտարարագրվելու և հայաստանյան սպառողին մատուցած ծառայության դիմաց մեր երկրի բյուջե վճարելու ավելացված արժեքի հարկը:
Ավելին՝ ՀՀ քաղաքացիներին մատուցված էլեկտրոնային ծառայությունների համար նախատեսված գինն իր մեջ արդեն ներառում է ավելացված արժեքի հարկը։ Ինքնահայտարարագրման այս համակարգի ներդրումը կապահովի պետական բյուջեի լրացուցիչ մուտքեր, որը չի բերի այդ ծառայությունների գների փոփոխման։
«Էլեկտրոնային առևտրի հարկումը մեծ մարտահրավեր է ամբողջ աշխարհում։ Մեր երկիրը` ի դեմս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, լավագույն տարբերակը գտնելու ճանապարհին է: Թվայնացման ոլորտի փորձը կոմիտեին թույլ կտա ստեղծել հաշվետվությունների ներկայացման և հարկերի վճարման հարմարավետ հարթակ»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: Էլեկտրոնային ծառայություններ մատուցող կազմակերպությունները հաշված րոպեների ընթացքում կկարողանան գրանցվել ու ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները:

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Մուրադյանի դիտարկմամբ` ազգաբնակչության քանակով Հայաստանին էականորեն գերազանցող շատ երկրներ չեն կարողանում նման համագործակցության եզրեր գտնել և ապահովել նշված ընկերությունների կողմից հարկերի վճարումը այդ երկրների պետական բյուջե, որովհետև իրենց հարկային մարմինները չունեն էլեկտրոնային կառավարման համակարգերի ստեղծման համապատասխան փորձ և հնարավորություններ։ ՊԵԿ-ը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության փորձագետներին և նրանց միջոցով՝ էլեկտրոնային ծառայությունների ոլորտի առաջատար ընկերություններին ներկայացրել է մեր երկրի ձեռքբերումները և հնարավորությունները այս բնագավառում և հավաստիացրել, որ կհաջողի հարմարավետ և պարզ համակարգի ներդրման հարցում։ Սա է այն հիմնական նախապայմանը, որն անհրաժեշտ է այդ ընկերություններին ինքնահայտարարագրման և հարկերի վճարման համար։
Առաջիկայում ՊԵԿ-ը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի միջազգային լավագույն փորձին համահունչ Հայաստանում ներդրվեն ծառայությունների էլեկտրոնային առևտրի՝ ԱԱՀ-ով հարկման կարգավորումներ։
Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Դիտեք նաև՝
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ՊԵԿ-Ը ՆԵՐԴՐԵԼ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ…
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է հեռավար ուսուցման մեխանիզմ` հարկային և մաքսային ծառայողների, ինչպես նաև հարկ վճարողների համար: ՊԵԿ ուսումնական կենտրոնը հեռավար դասընթացների կազմակերպման համար օգտագործում է skype for business արտոնագրված ծրագրային ապահովումը: Համավարակի տարածման պայմաններում հեռավար ռեժիմը լավագույն լուծումն է՝ ապահովելու ուսումնական պրոցեսի բնականոն ընթացքը: Ուսումնական կենտրոնում կազմակերպված հեռավար դասընթացներին արդեն մասնակցել է ավելի քան 70 ունկնդիր:
ՊԵԿ ուսումնական կենտրոնը նախատեսում է համավարակի ավարտից հետո շարունակել դասընթացների հեռավար անցկացումը՝ մասնակցության հնարավորությունն ապահովելով հենց աշխատասենյակներից կամ լսարաններից: Մարզերում գործող տնտեսվարողների համար ևս նախատեսվում է շարունակել հեռավար դասընթացները:


