▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է կանգ առնել, ընդմիջում վերցնել և վերլուծել որոշակի բաներ. Արևիկ Գրիգորյան

 

 

 

 

 

 

 

Օրերս Երևանում բացվել է Արևիկ Գրիգորյանի «Մտացրիվ» խորագրով անհատական առաջին ցուցահանդեսը: Դեկտեմբերի 27-ին «Մտացրիվ»-ի ցուցադրության վերջին օրն էր, այս առիթով Asekose.am-ը զրուցել է երիտասարդ նկարչուհու հետ` ցուցադրության գաղափարի մասին և ոչ միայն:

«Մտացրիվ»-ի և հոգեվիճակի մասին

Սա իմ առաջին ցուցահանդեսն է, թեպետ մինչ այդ այլ կոնտեքստներում (oրինակ` երկու հոգով) ներկայացել եմ: «Մտացրիվ»-ում ներկայացված է 43 աշխատանք: Դրանցից ամենահինը 2012 թվականի նկար է, իսկ հիմնականում մյուս աշխատանքները 2015 և 2016-երի են և մինչ այդ գրեթե երբեք ցուցադված չեն եղել: Ի ուրախության ինձ` և բացման, և մյուս օրերին «Մտացրիվ»-ը շատերին է հետաքրքրել, այցելուները տպավորված էին, ինչն ինձ, իհարկե, ուրախացնում է: Պետք է փաստեմ, որ «Մտացրիվ»-ն ի սկզբանե որպես առանձին նախագիծ չէր, ուղղակի այս տարիների աշխատանքներն էին ներկայացված, ինչի արդյունքում էլ խորագիր ընտրեցի: Այս աշխատանքները որոշակի ընդհանրություն ունեն, իսկ անվան ընտրությունն էլ պայմանավորված էր այն հանգամանքով, որ այն մարդու հույզերի և մտքերի հետ է կապված և ամեն աշխատանք մի հոգեվիճակի, մի մտածմունքի մասին է: Մարդն անընդհատ մտացրիվ է, մտածում է` խոսի, թե չխոսի, ու պրոցեսն էլ միշտ գնում է, իսկ նկարելով արտահայտվում ես ներսումդ կուտակվածը: Նկարներում էլ կարելի է տեսնել որոշակի անորոշություն, փնտրտուք, թեթևափություն, մելանխոլիա: Գուցե, նաև իմ հոգեվիճակով էր պայմանավորված, բայց պարտադիր չէ, որ արված նկարը համապատասխանի տվյալ ժամանակահատվածին: Ուզում եմ, որ «Մտացրիվ»-ից հետո մարդիկ մի փոքր կանգ առնեն, ընդիմիջեն ու վերլուծեն որոշակի բաներ:

Իսկ ամեն ինչ սկսվեց

Ծնվել և մեծացել եմ արվեստագետների ընտանիքում, պապիկս, մորական կողմիս ընտանիքում բոլորը նկարիչներ են: Ես միշտ նկարել եմ, սակայն մասնագիտական առումով կողմնորոշվել եմ 7-րդ կամ 8-րդ դասարանում: Նկարելն ինձ համար միշտ շատ բնական երևույթ է եղել, իսկ մինչ այդ առավելապես հետաքրքրված եմ եղել բնագիտական գիտություններով, նույնիսկ տատիկս համոզված էր, որ պետք է մաթիմատիկոս լինեմ: Սակայն երբ այս ամենով սկսեցի ավելի լուրջ զբաղվել, համապատասխան դասընթացներ անցնել, հասկացա, որ այդ ամենն ինձ իսկապես հետաքրքիր է: Միաժամանակ զգում ես, որ անընդհատ աճելու տեղ ունես, նույնը կարող եմ ասել նույնիսկ հիմա` ցուցադրությունից հետո, անելիքներ շատ կան, կարևորը նույն տեղում չդոփելն է: Պետք է խոստովանեմ, որ ցուցադրությունում ներկայացված աշխատանքներիս մեծ մասը նույնիսկ ծնողներիս չէի ցույց տվել, մայրս շատ էր զարմացել, քանի որ չէր պատկերացնում, որ այդքան աշխատանք կատարած կլինեմ:

Փոքր քայլերի արվեստի մասին

Եթե ինչ-որ պահի իսկապես կենտրոնանաս առաջընթացի, ոլորտի խնդիրների վրա, իսկապես կարող է թևաթափ լինել: Այս ոլորտը կարելի է ասել երկրորդականացված է, ինչը մի շարք գործոններով է պայմանավորված` այդ թվում նաև տնտեսական, քանի որ խնդիրների ժամանակ մարդիկ արվեստն այդքան էլ չեն կարևորում: Ցավոք, չեմ կարող ասել, որ գտել եմ այդ խնդրի լուծման եղանակը, պարզապես պետք է հետևողական լինել, պետք է փոքր քայլերով գնալ դեպի նպատակդ, ես դա սեփական փորձից եմ ասում:

Ամուսինս սիրում է իմ նկարները

Իմ և ամուսնուս` Կարեն Գրիգորյանի ճաշակները շատ տարբեր են, բայց  հետաքրքիր ձևով հասկանում ենք: միմյանց: Ամուսնուս շնորհիվ է, որ այս ցուցադրությունն իրականացրի, հենց նա էր ինձ վստահություն տալիս, հակառակ դեպքում,  միգուցե, այդ ռիսկին չգնայի: Կարենը սիրում է իմ նկարները (ժպտում է):

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին