Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի գրառումը. «Պետրոս, դու քո կենսագրությամբ ստեղծել ես էնպիսի կերպար, որ քո կողմից վիրավորանքի ու ատելության խոսքի թիրախ դառնալը միայն բարձրացնում է ցանկացած մեկի հեղինակությունը։ Ինչո՞ւ: Որովհետև դու ապրել ու ապրում ես «ով տեր՝ ես ծառա» սկզբունքով, ու ես վստահ եմ՝ եթե Շարժումը հաջողի՝ դու փորձելու ես հայտնվել «Շողակաթ» հեռուստաընկերությունում, որպես հոգևոր հարցերով գլխավոր հարցազրուցավար։
Այնուհանդերձ, կետ առ կետ բովանդակային անդրադարձ կատարեմ սադրիչ նյութիդ.
1) Ես ոչ մեկի գրպանում չեմ եղել ու չեմ լինելու։ Ես անմնացորդ օգնել ու օգնում եմ բոլոր այն շարժումներին ու ուժերին, որոնց նպատակն իմ Հայրենիքն անընդհատ պղծող ու կործանող շեֆիդ ղեկից հեռացնելն է։ Դու էլ դա լավ գիտես, շեֆերդ էլ լավ գիտեն։
2) Ես մասնագիտական ուժերիս ներածին չափով օգնում եմ բոլոր այն մարդկանց, ում շեֆիդ սպասարկող համակարգը հալածում է քաղաքական պատճառներով։ Թե՛ հայտնիներին և թե՛ անհայտներին։ Այդ պատճառով ես ամեն օր տասնյակ անծանոթ մարդկանց օրհնությունն եմ ստանում։ Դա՛ է իմ բուն վարձքը։ Իսկ դու ո՞ւմ օրհնությունն ես ստանում։
3) Սուտ ես ասում, որ ոստիկանների ոտքերի տակ ինչ-որ բան են «պայթեցրել». նման բան չի եղել։ Եղել են ջրի շշերի ու ծխագլանակների փոխադարձ նետումներ։ Ով է սկսել՝ չգիտեմ։ Պատճառ չեմ տեսնում, որ ժողովուրդը սկսեր, որովհետև հաստատ մարդիկ էին տուժելու։ Դրա համար էլ ենթադրում եմ, որ սկսել են շեֆիդ ծառայող սադրիչները։
4) Կադրեր կան, թե ինչպես են լրիվ անմեղ մարդկանց ոստիկանները բռնում, քաշքշում ու ծեծում։ Երիտասարդի դեմքի վրա կոշիկի հետք է։ Շատ ցուցարարներ մարմնական վնասվածքներ են ստացել։ Դրա՞ մասին ինչ կասես։
ՀԳ. Ճիշտ ես ասում. մի քիչ էլ PR-ից եմ հասկանում (ստորև տեղադրված նկարն այդ մասին է): Բայց երբեք իմ բուն մասնագիտությանն ու առաքելությանը չեմ դավաճանում։ Սա՛ է ճշմարտությունը»:
Հաղորդավար Պետրոս Ղազարյանի գրառումը՝ ստորև. «Սերժ Սարգսյանի գրպանի իրավապաշտպանը խիստ պատահականորեն դարձել ա Սրբազանի անձնականը։ Իմիջայլոց մյուս գրպանի իրավապաշտպանը` ընդդիմադիր շարժումների վարչապետի թեկնածուի մշտական զապաս Արման Թաթոյանը նույնպես։
Ինչի են նախկինները սրանց պահում։ Շատ պարզ, եթե ԱԳՆ դիմաց դու մարդկանց տանում ես բախման, նրանք շշեր են շպրտում ոստիկանության վրա, չգիտեմ ինչ են պայթեցնում նրանց ոտքերի տակ, հայհոյում են, հայտնվում են այս երկուսը և հայտարարում, որ դրանք իշխանության պրովոկատորներն են եղել։
Եվ հիմա սրանք պատահականորեն դարձել են Սրբազանի գրպանի իրավապաշտպանները։ Եվ այդպես է լրատվամիջոցների, քաղաքական գործիչների, վերլուծաբանների ու մնացածի պարագայում։
Նախկինների հետ համագործակցության մեջ ես ոչ մի հանցագործություն չեմ տեսնում, ամեն մարդու ընտրությունն է։ Բայց խաբել, մարդկանց էշի տեղ դնել ու ասել, որ այդպես չի։
Չգիտեմ դրան ոնց են ասում Շամշադինում»: