▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պուտինը Ձեր ոխերիմ թշնամին է և Ձեզ տապալելու է. գնացեք վա-բանկ». Սաակաշվիլու բաց նամակը` Փաշինյանին

Վրաստանի նախկին նախագահ, ուկրաինացի և վրացի քաղաքական գործիչ Միխայիլ Սաակաշվիլին բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․

«Առաջին անգամ եմ դիմում Ձեզ և դիմում եմ հրապարակայնորեն, քանի որ շատ մտահոգված եմ մեր տարածաշրջանի և Հայաստանի ճակատագրով։ Ելնելով Ռուսաստանի և Պուտինի հետ շփվելու իմ փորձից, ով վերջերս ԱՊՀ գագաթնաժողովում գործնականում ինձ մեղադրեց այս կազմակերպության փլուզման մեջ, թույլ կտամ ինձ` Ձեզ մի քանի խորհուրդ տալ։ Դուք իշխանության եք եկել ժողովրդական ընդվզումների արդյունքում, այսինքն՝ Պուտինի տերմինաբանությամբ՝ գունավոր հեղափոխությամբ, և հավատացեք, ինչպես էլ նրան հաճոյանաք, հավատարմության երդում տաք, նա Ձեզ երբեք չէր ների և չի ների։ Ավելին՝ Ձեր վերջին հայտարարություններից, քաղաքական քայլերից և հատկապես Հռոմի ստատուտի վավերացումից հետո նա Ձեր ոխերիմ թշնամին է և Ձեզ տապալելու է իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորություններով՝ ներքին անկարգություններ, ռազմական գործողությունների խրախուսում։ Դա Ձեզ տնտեսապես կխեղդի և կօգտագործի հիբրիդային պատերազմի ողջ զինանոցը:

Պետք է հիշել, որ շատ քիչ ժամանակ ունեք։ Իշխանության գալուց հետո դուք չկարողացաք կամ չիրականացրիք հիմնարար բարեփոխումներ, ուստի ձեր ներկայիս պետական ​​ապարատն իսկապես Կրեմլի հինգերորդ շարասյունն է։ Դուք ուշացել եք եվրոպական ինտեգրացիայից:
Որքան էլ Ձեզ համար դժվար լինի, Հայաստանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները նոր հնարավորություն են տալիս մեր տարածաշրջանին։ Որոշ ժամանակ անց մենք կարող ենք ապրել Բալթյան երեք երկրների պես՝ բաց սահմաններով, ստեղծել լոգիստիկ, ֆինանսական, էներգետիկ հանգույցների մի ամբողջ համակարգ՝ օգտագործելով մեր երեքից յուրաքանչյուրի առավելությունները։ Բայց դրա համար Դուք պետք է շտապեք և մի կողմ նետեք ցանկացած երկմտանք, գնաք վա–բանկ: Պահանջեք անհապաղ դուրս բերել ռուսական ռազմաբազան, դուրս եկեք ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, մաքսային միությունից և հայտ ներկայացրեք Եվրոմիությանն ու ՆԱՏՕ-ին։
2013-ին մենք թռանք Երևան՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բառոզուի հետ՝ ապարդյուն փորձելով համոզել ձեր նախորդին` չմիանալ Մոսկվայի հովանու ներքո գտնվող այս կազմակերպություններից մի քանիսին։

Եվ վերջապես, Դուք պետք է բացահայտորեն հայտարարեք և անհապաղ խաղաղության պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ և դրանով ճանապարհ բացեք Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխությունների համար։
Անձնական խիզախության և քաղաքական խիզախության պակաս չունեք, և հուսով եմ, որ թույլ չեք տա Պուտինին ոչնչացնել Ձեզ և միևնույն ժամանակ կործանել Ձեր երկիրը և ամբողջությամբ խարխլել մեր տարածաշրջանը։
Բոլորիս առջև ծառացած վտանգը շատ իրական է և պահանջում է անհապաղ գործողություն: Հուսով եմ` այս անգամ չեք վարանի»:

Թարմացված․ «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին: Ասում է` Նիկոլ ժամանակ չունես, հենց հիմա հայտարարիր ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից ու Եվրասիականից դուրս գալու մասին ու ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը բռնիր: Լավ է ասում` սրտիցս է, միայն թե պիտի բացատրի, թե այդ ճանապարհը բռնած իր 10 տարվա քաղաքականությունն ինչո՞ւ մինչ օրս Վրաստանը չի հասցրել այդ կառույցներին անդամակցելուն:
Բայց սա դեռ մի կողմ. ամենամեծ ցինիզմը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու խորհուրդն է, որտեղ նա բառացիորեն հետևյալն է ասում. «Դուք պետք է բաց հայտարարեք և անմիջապես խաղաղության պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ»:
Սաակաշվիլիին փոխանցել է պետք, որ օր չի անցնում, որ Փաշինյանը չհայտարարի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, ընդ որում` հենց արևմտյան հարթակներից: Այդ իր վաղեմի ընկեր Ալիեւն է, որ ոչ միայն չի ուզում արեւմտյան միջնորդությամբ խաղաղություն, այլև Արևմուտքի երեսին թքելով Պուտինի կողքից տեղ չի գնում, և հենց Ռուսաստանի միջնորդությամբ ու շահերի ներկայացմամբ է «խաղաղությունից» խոսում:
Ի դեպ, այս տարվա սեպտեմբերին Սաակաշվիլին ոչ միայն ծպտուն չհանեց էթնիկ զտումների Բաքվի քաղաքականության մասին, այլև անթաքույց հրճվանքով շնորհավորում էր Ալիևին և Ադրբեջանի ժողովրդին Արցախը հայաթափելու կապակցությամբ: Հիմա էլ իրեն իրավունք է վերապահում բացատրել, թե` «խաղաղության հասնելը որքան կարեւոր է»:
Նախկին նախագահին խորհուրդ կտամ զերծ մնալ բաց նամակներ գրելուց, իսկ եթե իրոք մի լավ բան է ուզում անել, ապա կոչ եմ անում այսօր ևեթ կապվել իր խորհրդի իրական հասցեատիրոջ` Իլհամ Ալիևի հետ և հորդորել նրան այս ամսվա վերջին Բրյուսել գնալ Փաշինյանի հետ խաղաղության պայմանագիր քննարկելու:
Առայժմ այսքանը` առողջ եղեք...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին