«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հայրը՝ թոշակառու Սոկրատ Փամբուխչյանը 40 հեկտար մակերեսով հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում։
Civilnet.am-ը գրում է, որ Փամբուխչյանը մտադիր է դեղձի այգի հիմնել, այս նպատակով նաև մեծ վարկային հնարավորություններ է ստացել, իսկ պետական ծրագրից օգտվելու արդյունքում Սոկրատ Փամբուխչյանն ավելի քան 102 միլիոն դրամի սուբսիդավորում է ստացել պետությունից։
Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ Սոկրատ Փամբուխչյանն անցած տարվա հուլիսին հիմնադրել է «Սանգարդեն» ընկերությունը։ Փամբուխչյանը և՛ ընկերության բաժնետերն է, և՛ տնօրենը։ Սա 71-ամյա Սոկրատ Փամբուխչյանի միակ ընկերությունն է, նա երբևէ որևէ այլ ընկերությունում տնօրեն կամ բաժնետեր չի հանդիսացել։
«Սանգարդեն». փոխքաղաքապետի հոր ընկերությունը
Ըստ Պետեկամուտների կոմիտեի հարկ վճարողների փնտրման համակարգի՝ «Սանգարդեն»-ը զբաղվում է «այլ մասնագիտացված շինարարական գործունեությամբ»։ Ընկերությունը գրանցված է նրա բնակության հասցեում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում Փամբուխչյանի բիզնես գործունեության մասին այլ տեղեկություններ չկան։
Շենիկ գյուղում հողամասերը Սոկրատ Փամբուխչյանը ձեռք է բերել ոչ թե անձամբ, այլ այս ընկերության միջոցով։ Բոլոր հողամասերը նա գնել է Շենիկի ավագանու նախկին անկուսակցական անդամ Հարություն Պետրոսյանից, որն Արմավիրի մարզում ունի խոշոր հողատարածքներ, զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Փամբուխչյանի ձեռք բերած 40 հեկտարի ամենամեծ հողակտորը 19,5 հեկտար է։ Նա այն գնել է 19,4 միլիոն դրամով։
Ավելի ուշ Փամբուխչյանը դիմել է Բաղրամյանի համայնքապետարան, համայնքի ավագանին էլ որոշել է Շենիկի 19,5 հեկտար հողամասից 1,1 հեկտարն առանձնացնել, նպատակային նշանակությունը արոտավայից փոխել ջրային հողերի, ապա հողամասին տրամադրվել է նոր հասցե։ Դրանից մի քանի օր անց Փամբուխչյանը համայնքից ստացել է 20 000 խորանարդ մետր մակերեսով ջրավազան, ինչպես նաև պոմպակայան կառուցելու նախագծային թույլտվություն։ Մեր այցելության ժամանակ ջրավազանն արդեն կառուցված էր, բայց դեռևս ջրով լցված չէր։
Սոկրատ Փամբուխչյանը ձեռք է բերել այս հողամասի հարևանությամբ գտնվող ևս 12 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողեր 12 մլն դրամով։
Նույն տարածքում Սոկրատ Փամբուխչյանը գնել է մեկ այլ հողակտոր՝ 8 հեկտար մակերեսով, որի համար վճարել է 8 միլիոն դրամ։ 3 հողակտորների ընդհանուր մակերեսը մոտ 40 հեկտար է, այս ամենի համար Սոկրատ Փամբուխչյանը վճարել է 39,5 մլն դրամ։
40 հեկտարի մեծ մասը դեռևս ամայի է, միայն դրա մի հատվածում Փամբուխչյանը կառուցել է ջրավազան։ Դատելով տարածքում շինանյութի ու այգեհիմնման համար անհրաժեշտ հենարանների առկայությունից՝ այստեղ շինարարական աշխատանքներ են նախապատրաստվում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում