«Փյունիկ»-ի նախկին դրապասապահ Տիգրան Խանջարյանն այսուհետև կներկայանա որպես երգիչ: Տիգրան Խանջարյանը ծվել է Երևանում, բայց արդեն 20 տարուց ավել է, ինչ բնակվում է Բելգիայում: Իսկ ֆուտբոլով այլևս չզբաղվելու պատճառն ուսի լուրջ վնասվածքն է, որը նա ստացել է տարիներ առաջ:
Մեծանալով երաժշտի ընտանիքում՝ Տիգրանի մոտ վաղուց է, ինչ նկատվում են երաժշտական ունակությունները: Տիգրանի հայրը ևս երգիչ է, տարիներ առաջ զուգերգով է հանդես եկել Աիդա Սարգսյանի հետ, ինչպես նաև երիտասարդ տարիների ընթացքում թողարկել է իր ձայնասկավառակը:
Թե կոնկրետ ի՞նչը պատճառ հանդիսացավ, որ Տիգրանը վերջապես սկիզբ դնի իր երաժշտական գործունեութանը, վերջինիս պրոդյուսեր Մարինա Թագակչյանը Asekose.am-ի հետ զրույցում պատմեց.
«Որոշ ժամանակ առաջ Տիգրանը մասնակցում է մի միջոցառման, որին ներկա է գտնվում նաև ռադիոհաղորդավար Իվան Թաիռը: Լսելով Տիգրանի կենդանի կատարումը՝ նա անձամբ է մոտենում և հարցնում՝ արդյո՞ք Տիգրանը երգիչ է, թե՝ ոչ: Իմանալով, որ Տիգրանը չի զբաղվում երգարվեստով, Իվանն ասում է, որ նա անպայման պետք է զբաղվի դրանով, քանի որ ունի բոլոր նախադրյալները: Եվ, թերևս, այս հանդիպումն ու խորհուրդն էլ հենց խթան են հանդիսանում, որպեսզի Տիգրան Խանջարյանը սկսի ավելի լուրջ մտածել երգչի կարիերայի մասին» ,- նշեց Մարինա Թագակչյանը:
Խոսելով իրենց համատեղ համագործակցության մասին՝ երգահանն ասաց, որ Տիգրանը դիմել է իրեն՝ առաջին հերթին լսելով և հավանության արժանացնելով իր ստեղծագործությունները.
«Թե Տիգրանը, և թե նրա հայրը ցանկանում էին, որ Տիգրանի երգերը հենց ես գրեմ: Հենց այդպես սկիզբ դրվեց մեր համագործակցությանը»,- նշեց Մարինան, ապա ավելացրեց.
«Արդեն իսկ ձայնագրել ենք մի երգ, որը քաղաքային ֆոլկլոր է, կոչվում է «Երևան»: Ինչու ֆոլկլոր, քանի որ լսելով Տիգրանի ձայնը, ես հասկացա, որ նրան հենց այսպիսի երգ է պետք: Ավելին ասեմ, Տիգրանի ձայնը շատ նման է Թաթայի ձայնին, և շատերը, երբ լսում են նրա կատարումը, շփոթում են՝ մտածելով, որ երգիչը Թաթան է: Ի դեպ՝ Թաթան անձամբ այցելել է ձայնագրման ստուդիա և լսել Տիգրանին, մասնագիտական խորհուրդներ տվել նրան»,- պատմեց Մարինան:
«Երևան» երգի գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը, տեսահոլովակը նկարահանել է Վիկտոր Միխայլովը:
«Շատ ծրագրեր կան՝ Տիգրանի հետ կապված: Հնարավորինս փորձելու եմ իրեն ուղղորդել: Չգիտեմ, թե որքանով դա ինձ մոտ կստացվի, բայց, համենայն դեպս, ես վստահություն ունեմ, որ մենք ճիշտ ճանապարհով կգնանք, քանի որ երգարվեստում եղած այս տարիների ընթացքում հասկացել եմ լավ արդյունքի հասնելու համար ինչ պետք է անել և որտեղից սկսել»,- մեզ հետ զրույցում նշեց Մարինա Թագակչյանը:
Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան