▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քահանաները չեն լքելու Սուրբ Յոթ վերք եկեղեցին

«Հրապարակ»-ը գրում է․ ««Կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում կմասնակցեմ սուրբ և անմահ պատարագի»,- երեկ ազդարարեց Փաշինյանը։ Մեկ օր առաջ էլ ասել էր, որ պատարագների գնում է մի պայմանով, որ այնտեղ Վեհափառի անունը չհնչի, իսկ այդ հարցը լուծելուն լծվել է ԱԱԾ-ն։ Շիրակի թեմում 24 քահանա է ծառայություն մատուցում: Տեղեկացանք, որ նրանցից ոչ մեկը չի համաձայնել պղծել եկեղեցական արարողակարգը, ուստի հնարավոր է, որ Փաշինյանն իր պատարագիչին հետը տանի Գյումրի։ Յոթ վերք եկեղեցու հոգևոր հովիվ Հուսիկ քահանա Գրիգորյանը երեկ մեզ ասաց, որ դեռ պետք է քննարկեն՝ Շիրակի թեմում որևէ հոգևորական չի՞ համաձայնել զեղչել Վեհափառ տիրոջ և թեմի առաջնորդի անունը։
Ինչ վերաբերում է իրենց թույլ չտալուն և դրսից բերված հոգևորական բերելուն, ասաց. «Տարբեր ժամանակներում եղել են եպիսկոպոսներ, քահանաներ, որոնք ցանկություն են ունեցել ոչ իրենց թեմի տարածքում գտնվող եկեղեցում պատարագ մատուցել, բայց այդ դեպքում առաջնորդից թույլտվություն պետք է ստանան»։ Այսինքն, Միքայել սրբազանը պետք է թույլ տա։ Քահանան ասաց․ «Որքանով ինձ է հայտնի, նման թույլտվություն չկա։ Եթե ինձ բռնի հանեն եկեղեցուց, նշանակում է՝ բռնազավթելու նպատակ կա։ Դա քրեական հոդված է և պատասխանատվություն է ենթադրում»։ Հոգևորականները չեն պատրաստվում ինքնակամ լքել եկեղեցին, իսկ հավատավոր հոտն «իր գնահատականը պիտի տա այս գործընթացին»։

***

«Ժողովուրդ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ կիրակի օրը` դեկտեմբերի 7-ին, Գյումրի է գնալու: Մեր տեղեկություններով՝ իշխանական ողջ էլիտան նրան ուղեկցելու է Գյումրիում. նախ, Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում կմասնակցեն պատարագի, այնուհետև ծաղիկներ կխոնարհեն 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին:
Մենք տեղեկացանք, որ իշխանականները պատրաստվում են այդ օրը Գյումրի գնալ նաև այն պատճառով, որ ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանքի տակ է, և այդ պայմաններում քաղաքը ամբողջությամբ կլինի ՔՊ-ականների վերահսկողության տակ:
Նշենք, որ իշխանությունները փնտրում էին քահանա, ով այդ օրը պատարագ կմատուցեր, քանի որ Շիրակի թեմի ամբողջ դպրաց դասը, սարկավագները, քահանաները հրաժարվել էին այս կիրակի պատարագ մատուցել Նիկոլ Փաշինյանի օրակարգով՝ առանց հիշատակելու Վեհափառ Հայրապետի անունը։
Ինչպես Գյումրիից են հայտնում՝ հավանաբար, իրենք իրենց «հարմար» քահանային, սարկավագներին ու դպիրներին իրենց հետ կբերեն Յոթ վերք եկեղեցի: Վերջիններս էլ պատարագը կմատուցեն՝ խախտելով կարգը, առանց հիշատակելու Վեհափառ Հայրապետի անունը։

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն էլ հայտնում է, որ տեղի քահանաներից բոլորի մուտքն արգելված է։ Նրա գնահատմամբ՝ դեկտեմբերի 7-ին Յոթ վերքում մատուցվելիք պատարագը կլինի ամենախայտառակն իր բովանդակությամբ, քանի որ կանցկացվի ուժայինների ճնշման արդյունքում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին