▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանի դեռ Ադրբեջանը քթին չի ստացել, չի հանգստանալու. Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նախ պետք է արձանագրենք, որ ոչ 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը և ոչ էլ դրանից հետո ստորագրված փաստաթղթերը (գաղտնի, թե հայտնի) չեն երաշխավորել մեր հայրենակիցների անվտանգությունը: Մենք դրանից հետո էլ ունեցանք գերիներ, զոհեր և տարածքային կորուստներ:

Ինչ դաս պետք է քաղենք թուրք-ադրբեջանական հարևանությունից, որ չենք քաղել 100 տարի առաջ:

Այն մարդիկ կա՛մ քաղաքական ուժերը, կա՛մ պետությունները, որոնք փորձում են զրկել մեզ ինքնապաշտպանության իրավունքից, պետք է մերժվեն: Որքան էլ մեղվապահը երաշխավորի մեղվի անվտանգությունը, միևնույն է առանց իր փշի մեղուն չի կարող գոյատևել:

Սահմանների հետ կապված հարցերը լուծելիս պետք է ղեկավարվել մեկ կարևոր սկզբունքով՝ ժողովրդի անվտանգության ապահովման սկզբունքն է: Այս սկզբունքը պետք է գործի ցանկացած որոշում կայացնելու ժամանակ:

Այս սկզբունքի ներքո, չի կարելի հիմա որևէ զիջում կատարել Ադրբեջանին, քանի դեռ չեն լուծվել հետևյալ հարցերը՝

1. Գերիները պետք է անհապաղ վերադարձվեն.

2. Ալիևը բացահայտ Ադրբեջանի զավթողական նպատակների մասին է խոսում՝ նշում է, որ Զանգեզուրը, Երևանը, Սևանը իրենց պատմական տարածքներն են:

Ադրբեջանը պետք է պաշտոնական այնպիսի հայտարարություն կատարի, որ Հայաստանի տարածքների նկատմամբ չունի և չի կարող ունենալ որևէ հավակնություն:

3. Սահմանազատում կատարելու հարցը ցանկանում են լուծել՝ ըստ ԽՍՀՄ սահմանների: Այստեղ շատ կարևոր եմ համարում հիշեցնել, որ Ադրբեջանը չի ընդունում ԽՍՀՄ իրավահաջորդությունը: Նա իրեն համարում է 1918-1920թթ. Ադրբեջանի իրավահաջորդը: Այս դեպքում, ինչ տրամաբանությամբ է ԽՍՀմ սահմաններով սահմանազատում անցկացվում: Արդյոք այս դեպքում, հաշվի առնելով անվտանգության հարցը, չպետք է լուծվի uti possidetis ita possidetis սկբունքի համաձայն, որը նշանակում է ունեք այն, ինչ ունեք: Օրինակ՝ ջրային ակունքները, չպետք է փոխանցվեն Ադրբեջանին, որը կարող է թունավորել մեր ջրերը, կամ փոխել գետի հունը: Բարձունքները, որոնք, ըստ ԽՍՀՄ բաժանման, «գտնվում են» Ադրբեջանի սահմաններում չպետք է հանձնվեն Ադրբեջանին, քանի որ այդ բարձունքը մեծ տեսադաշտ է ապահովում հայկական գյուղերի նկատմամբ: Այդ բաժանումը եղել է բնական, կոնֆլիկտի երկու կողմերը բնական ռելիեֆը հաշվի առնելով դիրքավորվել են տարբեր բարձունքներում:

Ադրբեջանը բնական է, որ ձգտելու է առավելագույնը պոկի Հայաստանից: Ուզում եմ մեր հայրենակիցներին հիշեցնել, որ հայերը վախկոտ չեն, հայերը թույլ չեն: Հարցրեք ավելի ավագ սերնդի ձեր հարազատներից, ԽՍՀՄ բանակում ադրբեջանցի տղամարդիկ և հայ տղամարդիկ ոնց են եղել: Քանի գեներալ է տվել Հայաստանը, իսկ քանիսը՝ Ադրբեջանը:

Ադրբեջանցիները չդարձան առյուծ: Մեր պառակտված ազգին արհեստականորեն վախ են ներշնչել:

Քանի դեռ Ադրբեջանը քթին չի ստացել այնպես, որ հասկանա, արթնացած հայն արդարությունը վերականգնող հայ է, չի հանգստանալու:

Մենք պետք է պահանջատեր լինենք: Այս իշխանությունն էլ պարտավոր է ապահովել մեր ժողովրդի իրական անվտանգությունը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին