Համացանցում ձայնագրություն է հայտնվել, թե ինչպես է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Դավիթ Կարապետյանը լծված հավատարմագրային կառավարման տրված Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը «պարալիզացնելու և հիվանդանոցին տիրանալու գործին»։
Ըստ ասեկոսեների, «Նա հրահանգել է, որպեսզի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ոչ մի բժշկական հաստատություն պացիենտ չուղարկի այդ հիվանդանոց, ներառյալ՝ շտապօգնությունը և պոլիկլինիկաները։ Այդպիսով նա փորձում է հիվանդանոցը տանել սնանկացման և հեշտությամբ կարողանան խզել հավատարմագրային կառավարմանը հանձնելու պայմանագիրը։ Նա պարբերաբար հավաքում է հիվանդանոցի բուժաշխատողներին, ովքեր զայրացած են աշխատավարձ չստանալուց, և հորդորում է չգնալ աշխատանքի»։
Նշվում է, որ այս ձայնագրությունը արվել է Քանաքեռ-Զեյթուն ծննդատան կոլեկտիվի հետ հանդիպման ընթացքում, որտեղ Դավիթ Կարապետյանը, իմանալով որ շտապօգնության բրիգադը հղի կնոջը տարել է այդ ծննդատուն, զանգում է շտապօգնության ղեկավար անձի և պարզաբանում պահանջում։
Հետո տեղեկացնում է, որ հրահանգել է Առողջապահական տեսչությանը, որ գան ստուգեն, և վստահեցնում է, որ անպայման տուգանելու են։
Այնուհետև կոլեկտիվին հորդորում է չգնալ աշխատանքի, եթե նույնիսկ գնում են բոլոր հոսպիտալացված հիվանդներին դուրս գրեն և այլևս ոչ մի պացիենտ չընդունել, ինքն էլ իր կողմից խոստանում է ամեն բան անել, որ պացիենտ չգա։
Asekose.am-ը կհետևի դեպքերի զարգացմանն, ինչպես նաև կներկայացնի հակառակ կողմի արձագանքը։