Փաստաբան Հարություն Հովհաննիսյանը վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ Այս մասին գրում է 1in.am-ը:
Բանն այն է, որ օրերս Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ կրկին կալանավորվել է ավելի վաղ գրավով ազատ արձակված ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության նախկին քննիչ, ՀԿԳ ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանը, ով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի, նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանի հետ անցնում է ալավերդցի Վահագն Աբգարյանի գործով։

Նախօրեին Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ իր վարույթում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Թաթուլ Շուշանյանը, Արայիկ Ներսիսյանն ու ՀԿԳ ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանը անձնական շահագրգռվածությունից ելնելով չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները: Բացի այդ, Արտակ Հովհաննիսյանն ու Թաթուլ Շուշանյանն իրենց լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար ստացել են համապատասխանաբար խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք: Նշված արարքների կատարման համար Թաթուլ Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Արայիկ Ներսիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արտակ Հովհաննիսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում այս անձանց խափանման միջոցը փոխվել էր, սակայն օգոստոսի 28-ին, երբ քրեական գործի քննությունը ավարտվել և գործը դատարան է ուղարկվել, նրանք երեքն էլ կալանավորված են։

Հիմա Արտակ Հովհաննիսյանի պաշտպան Հարություն Հովհաննիսյանը համարում է, որ Արտակ Հովհաննիսյանի մասով կալանքի որոշում կայացնելով՝ դատավոր Ազարյանը հանցագործություն է կատարել, քանի որ ոչ մի հիմք չկար կալանքի որոշում կայացնելու համար: «Առաջին ատյանի դատարանը, դատախազությունը համաձայն էին, որ Արտակ Հովհաննիսյանը մնար ազատության մեջ գործի քննության ընթացքում, առաջին ատյանը գրավ կիրառեց հեղափոխությունից հետո, բայց հանկարծ փաստաբան Լուսինե Սահակյանը որոշում է վերաքննիչ բողոք ներկայացնել, որի իրավունքը չուներ, քանի որ նա Արտակ Հովհաննիսյանի գործով տուժողի ներկայացուցիչ չէ։ Լուսինե Սահակյանի պաշտպանյալը տուժող էր ճանաչվել Թաթուլ Շուշանյանի և Արայիկ Ներսիսյանի գործով։ Արտակ Հովհաննիսյանի գործը Շուշանյանի գործից առանձին է։ Նույնիսկ գործերը իրար միացնելուց հետո արձանագրված է, որ Արտակ Հովհաննիսյանի գործն առանձին է։ Չկա տուժող, չկա բողոք, բայց հանկարծ բողոք է հայտնվում, և օգոստոսի 9-ին դատարանը բավարարում է բողոքը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


