▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ական պատգամավորն առաջարկում են փոփոխություններ կատարել օրհներգում և դրա տեքստից հանել վերջին քառատողը

ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանն ու Ալեն Սիմոնյանը ներկայացրել են «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նոր նախագիծը։

Նախագծով առաջարկվում է օրհներգի կատարումն իրականացնել բացառապես կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պաշտոնապես հրապարակված տարբերակին համապատասխան։

Նախագծի ընդունման դեպքում օրհներգը օրենքով նախատեսված առանձին դեպքերում Կառավարության որոշմամբ կարող է օգտագործվել հաստատված երաժշտական և տեքստի կարճ խմբագրությամբ։

Իրավաբան.net-ը գրում է, որ կայքին հայտնի է դարձել, որ նախագծի հեղինակներն առաջարկում են օրհներգի տեքստից հանել վերջին քառատողը, այն է՝

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:

Պատգամավորներն առաջարկում են նաև օրենքը պարտադիր կատարման ենթակա դարձնել նախադպրոցական ուսումնական հաստատություններում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում։

Նշենք, որ գործող օրենսդրությամբ այժմ օրենքը պարտադիր կատարման ենթակա է միայն դպրոցներում։

Նախատեսվում է օրհներգը կատարել նաև ՀՀ տարածքում անցկացվող միջազգային պաշտոնական մրցումների ու մրցաշարերի, համապետական մարզական պաշտոնական միջոցառումների ընթացքում տեղի ունեցող պարգևատրման արարողությունների ժամանակ:

«Թեպետ վերոնշյալ օրենքի հավելվածում սահմանված է օրհներգի տեքստը և երաժշտությունը, սակայն տարբեր միջազգային պաշտոնական մարզական, մշակութային և այլ միջոցառումների ժամանակ ՀՀ օրհներգը կատարվում կամ հնչեցվում է տարբեր կատարմամբ և ձայնագրություններով, ուստի անհրաժեշտություն է առաջանում հստակ հրապարակել հիշյալ օրենքով սահմանված դեպքերի կատարման համար միասնական ձայնագրված պաշտոնական տարբերակ:

Միևնույն ժամանակ, ՀՀ օրհներգը տարաբնույթ միջոցառումների (հիմնականում մարզական, մշակութային) ժամանակ հնչում է կարճ տարբերակով՝ պայմանավորված տվյալ միջոցառումների առանձնահատկություններով եւ եթերաժամանակով: Նշված դեպքերում նույնպես բացակայում է միասնական մոտեցում եւ կարիք կա մշակելու մեկ միասնական ստանդարտ: Հետևաբար, նախագծով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում վերոնշյալ օրենքի հավելվածի տեքստին և երաժշտությանը համապատասխան սահմանել ՀՀ օրհներգի կարճ խմբագրությամբ տարբերակը:

Նպատակահարմար է նաև փոփոխություն կատարել ՀՀ օրհներգի տեքստի մեջ, այն վերադասավորել այնպես, որ ավարտվի հետևյալ քառատողով՝

«Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:», համապատասխան տրամաբանությամբ և ուղերձով»,-նշված է հիմնավորման մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին