▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ականների սադրանքը նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղել ադրբեջանցիների առաջխաղացման փաստից»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր առավոտյան ՀՀ Ազգային ժողովում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի սադրիչ և անհավասարակշիռ պահվածքի հետևանքով կոնֆլիկտ է ծագել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի միջև։
Միջադեպից րոպեներ անց Ազգային ժողով են ներխուժել ՀՀ ոստիկանության աշխատակիցները, ովքեր անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին։ Այս պահին պատգամավոր Մհեր Սահակյանը գտնվում է Երևան քաղաքի ոստիկանական բաժիններից մեկում և հարցաքննվում է։
Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Մհեր Սահակյանը իր ողջ գործունեության ընթացքում դրսևորել է արժանապատիվ հայի կեցվածք, որը կոտրել հնարավոր չէ։
Դեպքի առնչությամբ հարկ ենք համարում արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կազմակերպած հերթական սադրանքը նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղել ՀՀ տարածքում ադրբեջանական ուժերի առաջխաղացման փաստից։
Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:

Դիտեք նաև՝

Հավելենք, որ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է ահազանգ։ Այս պահին քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են կատարվածի նախնական հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ։
Ներկա պահին կարող եմ միայն ասել, որ պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանության բաժին, մեկ այլ պատգամավոր բուժօգնության է դիմել բուժհաստատություն։
Որոշակի տվյալների ձեռքբերումից հետո ՀՀ քննչական կոմիտեն հնարավորինս սեղմ ժամկետներում պաշտոնական տեղեկատվություն կտարածի»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին