▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանի նամակ-առաջարկը՝ Սերժ Սարգսյանին (ամբողջական տեքստը)

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 22-ին, Ազատության հրապարակում հրապարակել է իր վերջնական նամակ-առաջարկը Սերժ Սարգսյանին, որտեղ համաձայնել է ընդունել Սերժ Սարգսյանի նախագահությունը, փոխարենն արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ 8 պաշտոն է պահանջել:

Փաստաթուղթը բարձրաձայն հրապարակվելուց հետո ուղարկվել է նախագահական նստավայր: Այն առնչվում էր հետեւյալ երկու հնարավորություններին. 1) նոր նախագահական ընտրությունների շուտափույթ անցկացում կամ 2) ժողովրդի եւ դե ֆակտո իշխանությունների միջեւ իշխանությունը կիսելուն միտված համապարփակ համաձայնության հաստատում:

Ստորեւ ներկայացնում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակած փաստաթուղթն ամբողջությամբ.

«Ա) նախագահական արտահերթ ընտրությունների անցկացում

Կամ

Բ) իշխանության կիսում ժողովրդի հետ

1. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ' այս տարվա ընթացքում: Մինչ այդ Ընտրական օրենսգրքում իրականացնել փոփոխություններ. վերացնել մեծամասնական ընտրակարգը՝ թողնելով բացառապես համամասնականը, թույլատրել ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, վերականգնել քաղաքական-կուսակցական սկզբունքը Կենտրոնական ընտրական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձեւավորման համար, դրսում ապրողների քվեարկության ապահովում կամ էլ ընտրացուցակներից նրանց հանում.

2. Առնվազն հինգ մարզպետների ազատում աշխատանքից եւ այդ պաշտոններում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակում.

3. Հիմնական ընտրակեղծարար քաղաքապետերի եւ գյուղապետերի ազատում աշխատանքից' օգտագործելով կառավարության լիազորությունները.

4. Բոլոր ընտրակեղծարարների, այդ թվում մարզպետերի, քաղաքապետերի, կուսակցական պատասխանատուների, այլ պաշտոնյաների ենթարկում քրեական պատասխանատվության.

5. Կառավարության եւ ծառայությունների թվից հետեւյալ ոլորտների ղեկավարներ նշանակել Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացված անձանց.

ա/ ՀՀ դատախազություն

բ/ Հարկային եւ մաքսային պետական ծառայություն

գ/ Ազգային անվտանգության ծառայություն

դ/ Արտգործնախարարություն

ե/ Կրթության եւ գիտության նախարարություն

զ/ ԱԺ վերահսկիչ պալատ

է/ Արդարադատության խորհուրդ

ը/ Հակակոռուպցիոն հանձնաժողով

Սույն պայմանագիրը անբաժանելի է, ենթակա է երկուստեք ստորագրման, իսկ դրանում ամրագրված դրույթներն անբեկանելի են մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը»:

Նշենք, որ Այս նամակն ընթերցելուց հետո, Րաֆֆի Հովհաննիսյանը նշել էր հետեւյալը. «Կամ իշխանությունները կփոխեն իրենց վերաբերմունքը ժողովրդի հանդեպ, կամ ժողովուրդը ոտքի կկանգնի՝ մեկընդմիշտ փոխելու իր իշխանություններին: Այսպես թե այնպես, ապրիլի 9-ին մենք կունենանք Նոր Հայաստան»:

 

Աղբյուրը` Նյուզ.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին