▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ նախագահի խնդրանքին հակառակ լրատվամիջոցները հրապարակել են փակ խորհրդակցության տեսագրությունը

Եթե կառավարությունը և նահանգապետերը չսկսեն աշխատել ավելի ակտիվ և չկատարեն նախագահական հրամանագրերը և կարգադրությունները, ապա նրանց պետք է հրաժեշտ տալ, այսօր Կալմիկիա կատարած աշխատանքային այցի ընթացքում կայացած փակ խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վ. Պուտինը: Նա նշել է, որ կատարված աշխատանքների որակը ցածր է և ամեն ինչ իրականացվում է մակերեսորեն: «Եթե շարունակենք այսպես աշխատել, ապա ոչնչի չենք հասնի: Եկեք բարձրացնենք մեր աշխատանքի որակը»,- կոչ է արել Ռուսաստանի ղեկավարը:

Նա նաև նշել է, որ, եթե սոցիալական ոլորտում, աշխատավարձը բարձրացնելու քաղաքականության մեջ և մյուս հրատապ հարցերում հանձնարարականները չկատարվեն, ապա պետք է խոստովանել, որ կամ ինքն է ոչ արդյունավետ աշխատում, կամ էլ «դուք բոլորդ, և դուք պետք է հեռանաք»: Նա նշել է, որ հարցի այս մասով ինքը հակված է լուծման երկրորդ տարբերակին: «Կարծում եմ, դա հասկանալի է: Եվ որպեսզի որևէ պատրանք չլինի»,- ընդգծել է Վ. Պուտինը:

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, երկրի ղեկավարը խստագույն քննադատության է ենթարկել կառավարության անդամներին և սպառնացել է ցրել Մեդվեդևի կաբինետը:

Ի դեպ, Կալմիկիայում կառավարության փակ խորհրդակցության ընթացքում նախագահ Վ. Պուտինի՝ նախարարների հասցեագրված խիստ քննադատության այս և էլի մի շարք դրվագների տեսագրությունը ինչ-որ եղանակով հայտնվել է «Life News» լրատվամիջոցի տրամադրության տակ, որը և անմիջապես հրապարակվել է:

Այս փաստի առիթով իր վրդովմունքը հայտնելով ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ նախագահը խորհրդակցության այս հատվածը խնդրել էր չնկարահանել և անջատել բոլոր տեսախցիկները:

«Բարոյական չէ հրապարակել խորհրդակցության փակ հատվածի նյութերը: Մենք կուսումնասիրենք արտահոսքի բոլոր հանգամանքները և ես չեմ բացառում, որ ստիպված կլինենք խզել մեր կապերը տեսագրությունը հրապարակած «Life News»-ի հետ»,- ասել է Դ. Պեսկովը:

ՌԴ նախագահի մամլո քարտուղարը մեղադրել է ԶԼՄ-ներին տեղեկատվության խեղաթյուրման մեջ և հավաստիացրել է, որ Պուտինի կտրուկ արտահայտությունները վերաբերել են խարխուլ և վթարային բնակելի տների հիմնախնդիրներն անտեսող տարածաշրջանների ղեկավարներին և ոչ թե երկրի նախարարների կաբինետին:

Նշենք, որ խորհրդակցության փակ հատվածի տեսագրության առանձին հատվածներ մոնտաժվել և տեղադրվել են նաև համացանցում:

Աղբյուրը` Փաստինֆո.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին