Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իմ ծանոթությունը Ռուբեն Վարդանյանի հետ
Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպել եմ մեկ անգամ:
Դա եղել է 2022թ օգոստոսի վերջերին, երբ նա, մի քանի այլ մարդկանց հետ, ինձ հրավիրել էր Տաթև՝ փակ քննարկման Արցախի թեմայով:
Ես հետևել եմ նրա գործունեությանը 1990-ական թթ վերջերից, իսկ առավել ուշադիր, երբ ընկներների հետ հիմնադրեց ԱՎՐՈՐԱ-ն:
Տաթևի փակ քննարկմանը Վարդանյանը իմ վրա շատ-շատ լավ տպավորություն թողեց և այդ մասին ասել եմ իմ ամենամոտ ընկերներին: Հատկապես հավանեցի նրա լսելու կարողությունը, պարզ, մարդկային էությունը: Անկեղծորեն, զարմացած էի, որ նա ունի հետաքրքրությունների և գիտելիքների նման ընդարձակ դիապազոն՝ Հայոց պատմությունից համաշխարհային պատմություն, գրականություն, արվեստ:
Վարդանյանը լիքը անձնավորություն է և կարողանում է տեսնել մեծ պատկերը:
Այդ հանդիպումից օրեր անց նա տեղափոխվեց Արցախ:
Պարոն Վարդանյանի այդ որոշումը ես համարել եմ ոչ օգտակար քայլ և այդ մասին գրել եմ հրապարակավ: Գիտեի, որ իմ քննադատությունից նեղվել է:
Վերջին անգամ Վարդանյանի հետ շփվել եմ առցանց՝ շաբաթներ առաջ: Թեման կրկին Արցախն էր:
Ես ցավում եմ, որ պարոն Վարդանյանը գերվեց և դարձավ Ալիևի վարչակարգի պատանդը:
Հայաստանը պետք է անի հնարավորը պարոն Վարդանյանին գերությունից ազատելու հարցում: Նաև հնարավորը՝ Բաքվում պահվող մեր մի քանի տասնյակ գերիներին վերադարձնելու հարցում:
Թ. Հ.
Դովեղ, 28 սեպտեմբեր, 2023