▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս խաղաղապահն ինձ պարտք չէ, որ տուն, ընտանիք թողած եկել է այստեղ՝ ինձ, իմ հողն ու վանքերը պահի. Վաչե Թովմասյան

Հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանը գրառում է արել Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակի, Քարվաճառը կորցնելու և իր ապագա ծրագրերի մասին:

«Շատ դժվար ժամանակներ են, բոլորը մեղավորներ են փնտրում, մատնացույց են անում ուրիշներին. հներն են մեղավոր, նորերն են մեղավոր, սպառազինության մակարդակը, կրթության ոլորտը, փախան, չգնացին, չտարան, արտաքին քաղաքականությանը, ներքին քաղաքականությանը ու այդպես, հպարտ մեղավորներով իրար ուտելով, մեղադրում ենք բոլորին, բացի մեզնից: Դրա համար է, որ ունենք այն, ինչ ունենք, ինչ մնաց, ինչ թողեցին, որ ունենանք:

Ու հիմա, վերլուծելով ամենը, ես ինձ եմ միայն մեղադրում, բայց այն հպարտ մեղավորներից չէ՝ «Հա՛, արա, ես եմ մեղավոր», այդպես չէ, իսկապես մեղավոր, որ զգոն չեմ եղել, չեմ գնահատել ունեցածս, չեմ պահել ու ծաղկեցրել: Անհոգ եմ եղել՝ չհասկանալով աշխարհագրական դիրքն ինչ է, սթափ չեմ գնահատել մեր բնակչության քանակն ու ռեսուրսները, թշնամիների ուժերը և մեր իրական դաշնակիցներին ու իրենց ուժերն ու շահերը: Ու միշտ մտածել եմ, որ ինձ պարտք են բոլորը, չեմ սովորել իմ ամբողջ կյանքում շնորհակալություն ասել:

Ֆրանսիայի նախագահն ինձ պարտք չէր, որ աշխարհի կեսի հետ խնդրի մեջ ընկավ իմ պատճառով, մի հատ հայերեն «մերսի» ասե՞լ եմ, չեմ ասել: Ռուս խաղաղապահն ինձ պարտք չէ, որ տուն, ընտանիք թողած եկել է այստեղ՝ ինձ, իմ հողն ու վանքերը պահի: Իսկ իր մայրն ու քույրն էլ տանջվեն ու չհասկանան՝ ինչո՞ւ պետք է իրենց երեխան կյանքը վտանգի ինձ համար, երբ տեսնում է՝ ոնց են Մոսկվայում իմ ընկերները թանկ մեքենաներով ու հաստ ցեպերով «տժժցնում»: Ես հո գիտե՞մ չէ՝ ոնց են «տժժցնում»:

Ես մոռացել եմ, որ ունեմ թշնամի, մրցակից չէ, չուզող կամ հակառակորդ չէ, թշնամի: Թշնամի, որն ուզում է ինձ սպանել, ջնջել ու տունս վերցնել իրեն:

Այո՛, Քարվաճառ էլ չկա, և եթե ես դասեր չքաղեմ, սա վերջին կորուստս չի լինելու»,- գրել է նա ու հետգրությամբ հիշեցրել Շեքսպիրի խոսքը. «Քիչ ողբ ու լացը սիրո նշան է, իսկ անսպառ վիշտը նշան է քիչ խելքի: Քանի դեռ երիտասարդ եմ, գնացի ուժեղանալու, կրթվելու ու կրթելու երեխայիս հանուն իմ՝ հանուն մեր ապագայի: Աստված պահապան իմ հայ ազգին, իմ հայրենիքին»:»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին