Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դե ինչ, հագեցած ու բավականին ծանր աշխատանքային երկուշաբթին ավարտվեց և փորձենք ՄԻ ՔԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄՆԵՐ ԱՆԵԼ նույն Ուկրաինայի թեմայով.
1. Միանգամից ասեմ, որ, բարեբախտաբար թե դժբախտաբար, սակայն ճակատներում լուրջ փոփոխություններ սկզբունքորեն ՉԵՆ ԵՂԵԼ և, ամենաընդհանուր իմաստով, նույն վիճակն է, ինչ ասացի իմ վերջին հաղորդումում: Նշեմ, որ ռուսական զորքերի առաջխաղացման տեմպը ԱՎԵԼԻ Է ԴԱՆԴԱՂԵԼ և, եթե օրինակ վերջին անգամ ես ասացի, թե արդեն այս պահին Խարկովը գրավված կլինի, ապա այժմ նույն այդ Խարկովը գրավված ՉԷ:
Ավելացնեմ, որ.
• ուկրաինական Դոնբասյան խմբավորման շուրջ օղակն այնուհանդերձ աստիճանաբար ՍԵՂՄՎՈՒՄ Է: Միաժամանակ հետաքրքիր է նշել, սակայն, որ ռուսների օգտին է խաղում նաև արդեն իսկ նշածս հանգամանքը՝ ուկրաինացիները, ձգտելով խուսափել շրջապատումից, ՀԵՆՑ ԻՐԵՆՔ են հաճախ լքում դիրքերը: Հավերժ նահանջի այս ռազմավարությունը, սակայն, չի կարող երկար շարունակվել, ինչքա՞ն և մինչև ո՞ւր հետ քաշվել, քանզի, իրոք, թեև հետ քաշվողները խուսափում են շրջապատումից, սակայն չէ՞ որ նրանք արդյունքում տարածքներ են կորցնում,
• Կիևից արևմուտք ռուսական հարվածային բռունցքը մեծանում է,
• Չեռնիգովի կողմից դեպի Կիև կա առաջխաղացում,
• Խարկովից արևմուտք կա առաջխաղացում,
• Մարիուպոլը վերջնականապես հայտնվեց անհույս դրության մեջ
2. Արդեն ընդհանուր իմաստով կարելի է խոսել ԿՈՂՄԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ և դրանք բավականին տպավորիչ են: Կոնկրետ հավաստի թվեր չկան, սակայն, ընդհանուր գնահատակային մակարդակով, ընդհանրացնելով նաև առկա հաղորդումները, կարելի է ասել, որ ռուսները կորցրել են սպանված, ծանր վիրավորված և գերված մոտ 2.000, ուկրաինացիները՝ մոտ 5.000 զինվոր,
3. Բանակցությունները, որ կարծես թե վերսկսվեցին, ավարտվեցին անհաջող, իսկ արդյունքում էլ մարտերը ԿՐԿԻՆ ԹԵԺԱՑԱՆ և արդեն մի քանի բավականի հզոր պայթյուններ են որոտացել Կիևում, իսկ Խարկովն էլ ավելի ուժեղ է հրթիռահրետակոծվում,
4. Ուկրաինական բանակն անցել է ՄԱՆՐ ԽՄԲԵՐՈՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ինչը մենք, ցավոք, չկարողացանք անել Արցախյան Երրորդ պատերազմում: Մեր դեպքում կենտրոնացված կառավարումը կորցրած ուժերը միանգամից դադարում էին նախաձեռնություն դրսևորել, գործել ընդհանուր մտահաղացման համատեքստում և առավելագույնը միայն իրենց վրա եկող հարվածն էին հետ մղում, իսկ այս պարագայում, բաժանված մասերի, ուկրաինական մանր խմբերը գործում են բավականին արդյունավետ: Զգացվում է ԲԱՆԱԿԱՇԻՆԱԿԱՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՁԵՌՔԸ, ինչը մեզ մոտ չկար,
5. Ռուսների դեմ է խաղում ԳԼՈԲԱԼ ՆՊԱՏԱԿԸ՝ տիրել մարդկանց սրտերին: Արդյունքում նրանք հաճախ զերծ են մնում հրիթռահրետանային հարվածներից և ծանր զրահատեխնիկայի կիրառումից, իսկ դա դանդաղեցնում է գործը: Նույն կերպ նաև՝ առաջին օրը գործնականում բացակայեց հարվածը ուկրաինական զորանոցներին, ինչը հնարավորություն տվեց հակառակորդի կենդանի ուժին ուշքի գալ և գործել: Ի դեպ, այս առումով ռուսների հաշվարկները կարող են այնքան էլ չգործել, քանի որ նահանջող ուկրաինական ուժերը հաճախ իրենք են ավերածություններ գործում,
6. Ռուսները միանշանակ պարտվում են ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ, մոտավորապես այնպես, ինչպես մենք Արցախյան Երրորդ պատերազմում: Եվ այնտեղ, և այստեղ ուժերը անհավասար են, երբ մենք ու ռուսները առանց այդ էլ բավարար փորձ չունենք տեղեկատվական պայքարի համար, իսկ հակառակորդն ունի հսկայական ուժեր և փորձ: Այս առումով հետաքրքիր է նշել, որ գործում են ուկրաինական հեռուստատեսությունը, ռադիոն, ինտերնետը, ինչ, զուտ մարդասիրական առումով, հասկանալի է, սակայն տեղեկատվական պայքարում լրջորեն վնասում է ռուսներին: Իրոք, պատկերացրեք, ասենք, շրջապատված Բեռլինում ԽՍՀՄ-ը թողներ, որ գործեր գերմանական ռադիոն,
7. ԽՈՇՈՐ ՄԵԳԱՊՈԼԻՍՆԵՐԻ վիճակն աստիճանաբար դառնում է աղետալի: Սկիզբ է առնում քաոս, իսկ առանց հսկողության և կազմակերպման բաժանված զենքը սկսում է գործել: Սա լուրջ խնդիր է: Կա կարծիք, սակայն, որ այդ քաոսը ստեղծվել է ինչ որ տեղ նույնիսկ դիտավորյալ, որպեսզի, թեև խաղաղ բնակչությանը զգալիորեն հարվածի տակ դնելով, այնուհանդերձ դժվարացվի նաև ռուսների կյանքը՝ ի դեմս զինված տարաբնույթ բանդաների գործողությունների,
8. Արդեն կա տեղեկատվություն, որ ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ զգալի մեծության խմբեր շարժվում են դեպի Ուկրաինա կամ գուցե արդեն գործում են տեղում: Գործի են անցել արևմտյան վարձկան կազմակերպությունները, որոնք տասնյակ հազարավոր զինյալներ ունեն՝ լավ պատրաստված և առաջնակարգ տեխնիկայով հագեցած: Կարծում եմ, որ ռուսներին հասցված որոշ հարվածների հեղինակները հենց այս վարձկաններն են: Սրանք, ի դեպ, մերձավորարևելյան «ՔՐՋՈՏ ՖԱՆԱՏԻԿՆԵՐԸ» չեն, սա հաշվի առեք,
9. ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՋԸ հուսահատ պայքար է մղում սեփական շահերի համար և… տեսնենք»: