Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախկին քաղաքացիական կինը, որի խնդրանքով իր անունը չենք հրապարակի, NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Բաքոյանի՝ իր նկատմամբ գործադրած ֆիզիկական բռնության մասին:
«Ես ապրում էի արտերկրում: Իր եղբոր կինն իմ համագյուղացին է եղել: Հեռվից շփվել ենք իր եղբոր կնոջ հետ: Բացի այդ մտերիմ եմ եղել այդ կնոջ ընկերուհու հետ, նա նույնպես մեր համագյուղացին է: Երկուսն էլ ամուսնացած են իրենց գյուղում: Ռուստամն ինձ հեռակա իմացել է, երբ եկել եմ Հայաստան, մեր ընկերուհին մեզ ծանոթացել է: 2019 թվականի մայիսի 31-ին ենք հանդիպել, երբ ինքն արդեն պատգամավոր էր: 2020 թվականի մարտին տեղափոխվել եմ Երեւան: Ինքն ապրել է իմ բնակարանում: Սկզբում շաբաթվա մեջ մի քանի օր էր ինձ մոտ, հետո արդեն մշտական իրար հետ էինք բնակվում՝ ամուսինների նման: Մենք չենք օրինականացրել մեր հարաբերությունները, քանի որ ասում էր, որ եզդիներն իրավունք չունեն ամուսնանալ այլ ազգի կանանց հետ: Ասում էր՝ իրար հետ ենք ապրում, ուրեմն՝ ամուսիններ ենք»,- պատմեց կինը:
Կնոջ խոսքով՝ պատգամավորն իր վրա առաջին անգամ ձեռք է բարձրացրել նախորդ տարվա օգոստոսին, ինչից հետո դա պարբերաբար կրկնվել է:
«Այդ օրն ինձ վրա ձեռք բարձրացրեց՝ պատճառաբանելով, թե խանդում է ինչի հիմքն ուղղակի չուներ, որովհետեւ գիտեր, որ ինքն իմ կյանքում միակ տղամարդն էր, ու ես իրեն միշտ աստվածացրել եմ: Ուղղակի այդ օրը մի խոսքից կախվեց ու ձեռք բարձրացրեց: Դրանից հետո ես որոշեցի, որ իրեն պետք է թողնեմ: Իր խնդրանքներից հետո մեր հարաբերությունները վերականգնեցինք: Մի անգամ ոստիկանություն եմ դիմել՝ իրեն վախեցնելու համար, բայց հետո դիմումս հետ եմ վերցրել: Դրանից հետո ես նկատեցի, որ ինքն իր հեռախոսը փակ է պահում, երբ ուզում գնում է, երբ ուզում գալիս է ու անընդհատ հեռախոսի մեջ է: Մի անգամ ձեռքիս ընկավ նամակագրություն մի աղջկա հետ, ինքը երդվեց, որ դա եղել է ինձնից առաջ, ուղղակի հեռախոսի մեջ է մնացել»,- ասաց կինը:
Ըստ կնոջ՝ ինքը միշտ ֆինանսապես լիովին ապահովել է Ռուստամ Բաքոյանին: «Ցանկացած ֆինանսական հարցի լուծում եմ տվել,եթե զգացել եմ գումարի կարիք ունի, տվել եմ, իսկ ինքը ոչինչ չի արել: Վերջում ինքն արդեն հասկացավ էր, որ ֆինանսապես այլեւս չեմ կարող օգնել եւ վեճը պատրվակ դարձնելով՝ փախավ: Ես իրեն գրեցի, որ վերադառնա՝ մեծ հասուն մարդկանց նման խոսենք: Երկար ժամանակ հետո պատասխանեց, որ չի ուզում ու չեկավ»,- նշեց կինը:
Կնոջ խոսքով՝ ինքը որոշել էր լռել, բայց վերջերս իմացել է մի բան, որը ստիպեց փոխել որոշումը: Թե ինչ է իմացել՝ այս պահին չի ցանկանում մանրամասնել:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում