Երևանում ծնված երեսունամյա սոպրանո Ռուզան Մանթաշյանը փետրվարի յոթին Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք համերգին` «SemperOpernball»-ին կատարելու է Տատյանայի արիան` Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Semper Opera ball»-ի ներկայացուցիչ Հանս Իոահիմ Ֆրեյը գրառում է կատարել միջոցառման Ֆեյսբուքի պաշտոնական էջում:
Նա նշել է, որ «Semper Opera ball»-ը հետևում է իր գաղափարախոսությանը, որն է` խոսել արվեստի լեզվով, միավորել մշակութային գործիչներին և կամուրջներ կառուցել ժողովուրդների, տարբեր մշակույթների միջև:
Ֆրեյն ընդգծել է` շատ ուրախ է, որ Ռուզան Մանթաշյանը հանդես է գալու Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք համերգին: «Մասնակից բոլոր արտիստներն ու երգչուհու գործընկերներն աջակցում են Մանթաշյանին»,-նշել է Ֆրեյը:
Համերգին Ռուզան Մանթաշյանից բացի ելույթ են ունենալու տենոր Յուսիֆ Էյվազովը, ջութակահար Պավել Միլյուկովը, սոպրանո Յուլիա Մուզիչենկոն, դաշնակահար Ալեքսանդր Կաշպուրինը և այլք:
Հունվարի 13-ին լուրեր տարածվեցին այն մասին, որ ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ և երգչուհու ելույթը չեղարկվել է: Երկու արտիստները պետք է միասին հանդես գային փետրվարի 7-ին Semper Opernball-ին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում