«Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին մեղադրում է Արարատի խուսույթի մեջ և ասում է՝ Արարատի խոսույթը պետք է փոխարինել Արագածի խոսույթով։ Հիմա հարց, իսկ ո՞վ ասաց, որ մեր ազգը պետականության մակարդակով նման խոսույթ ունեցել է․ նման խոսույթ չի եղել»,- «Ֆակտոր»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Մենք երբեք չենք պահանջել Արարատի վերադարձ և երբեք պահանջատիրությունը չի եղել հայոց պետականության արտաքին քաղաքականության օրակարգում․․․ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է պաշտոնապես խոսել Սևրի պայմանագրի մասին և ռազմատենչ դիրքորոշում որդեգրել՝ նոր պատերազմներ, նոր տարածքներ․․․ Ու հիմա այդ իշխանությունն ասում է՝ պետք չէ հոխորտալ։ Հոխորտացողները դուք եք եղել»,- նշեց ՀԱԿ փոխնախագահը՝ հավելելով՝ ստացվում է՝ Փաշինյանը պայքարում է ինքն իր հոխորտանքի դեմ։
«Այս ամեն ինչը հեշտ կլիներ տանելը, եթե այդքան վնասակար չլիներ Հայաստանի համար,- ընդգծեց Զուրաբյանը,- սա դիվերսիա է Հայաստանի նկատմամբ, երբ որ երկրի վարչապետը հայտարարում է, որ մենք պետք է հրաժարվենք Արարատը գրավելու խոսույթից, դրանով ամբողջ աշխարհն ընկալում է, որ ուրեմն նման խոսույթ կա, այսինքն՝ Փաշինյանը դրանով այսօր լեգիտիմացնում է Էրդողանի և Ալիևի մեղադրանքները՝ ողղված Հայաստանին՝ հողերի հավակնություններ ունենալու մեջ»։
ՀԱԿ փոխնախագահը նկատեց՝ բոլոր երկրներում էլ կան էքստրեմիստներ, բայց ոչ ոք դրա համար չի մեղադրում այդ երկրների վերնախավին։