Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում
Ես մշտապես ասել եմ տարիների ընթացքում և հիմա էլ կրկնում եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, եթե Ադրբեջանն ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը:
Երկրորդ՝ եթե Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ունենան ցամաքային սահման, եթե Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստանա անվտանգության հզոր երաշխիքներ:
Շատ պարզ խնդիր է, և միայն խելակորույս մարդը կարող է այս ձևակերպումների մեջ գտնել միայն զիջումներ:
Ես 17-18 տարիների ընթացքում, արտահայտվելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, երբեք չեմ օգտագործել «միակողմանի զիջում» բառակապակցությունը և ոչ էլ «զիջում» բառը. փոխզիջում՝ երևի թե, այո՛, բայց զիջում՝ ո՛չ: Մենք խնդիր ենք լուծում՝ շատ նվիրական ու մեր ժողովրդի համար կարևոր խնդիր, և ուրիշների պես չենք փորձում դիվիդենտներ թռցնել տարբեր միջոցառումների կամ ելույթների ժամանակ:
Մենք խնդիրը լուծում ենք, այո՛, ելույթներով, մենք խնդիրը լուծում ենք հանդիպումներով, մենք խնդիրը լուծում ենք բանակցություններով, տարբեր եղանակներով:
Եվ մեր նպատակը, նորից եմ կրկնում՝ մեր խնդրի լուծումն է և այդ ճանապարհին ազնիվ և անկեղծ լինելը՝ ինչպես մեր մարտական ընկերների հետ, այնպես էլ մեր ժողովրդի հետ. երբեք, երբեք անիրականանալի բաներ չասել, երբեք չփորձել մոլորության մեջ գցել մարդկանց:
Սա´ է իրականությունը:
Արցախ, 15.11.2008թ.