▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաֆարյանի պատասխանը մեղադրանքին, թե «Ժառանգությունը» շատ հաճախ համագործակցել է հակառակ ճամբարի հետ

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, չորեքշաբի կայացած ասուլիսում, ասել էր, թե «Ժառանգությունը» ձախողել է և շատ հաճախ համագործակցել է հակառակ ճամբարի հետ:

Այս առիթով` «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում թողել է հետևյալ գրառումը.

Ընթերցեցի Լեւոն Զուրաբյանի հնչեցրած գնահատականները «Ժառանգության» ու հանձնաժողովներում նրա անդամների աշխատանքի մասին: Ցավալի է, որ քաղաքական գործիչը իր գնահատականի հիմնավորման համար գոնե 1 փաստ չի վկայակոչում, եւ ասվածը ուղղակի դառնում է զրպարտություն: 


Միայն ասեմ, որ ի տարբերություն նախորդ բոլոր ընտրությունների` «Ժառանգությունը» այս անգամ անհամեմատ ավելի լավ է պատրաստված եղել: Անգամ կարող եմ հպարտությամբ ասել` բոլոր ընդդիմադիր ու ոչ իշխանական քաղաքական ուժերի համեմատութամբ շատ ավելի լավ է աշխատել տեղամասերում: Ավելի քան 400 տեղամասերում կազմվել են գրեթե 200-ին մոտ արձանագրություններ խախտումների մասին, դրանցից շատերը` չափազանց լուրջ բնույթի, ինչը անհետեւանք չենք թողնելու: Եթե կա որեւէ քաղաքակա ուժ, որն այդքան արձանագրություն է կազմել, թող հայտարարի դրա մասին: Որքանով ինձ հայտնի է` չկա: Այս օրերին էլ ավելի քան 400 տեղամասերից կեսից ավելիի` 200-ի համար վերահաշվարկի դիմումներ են ներկայացվել եւ վերահաշվարկն ու ընտրացուցակների, գրանցամատյանների ուսումնասիրությունները ընթացքի մեջ են: Եթե կա որեւէ քաղքական ուժ, որը դա արել եւ անում է այդպիսի մասշտաբներով, ուզում եմ լսել դրա մասին: Որքան ինձ հայտնի է` չկա: 

Եթե Լեւոն Զուրաբյանը տեղյակ է «Ժառանգության» անհաջող մի քանի հանձնաժողովականների մասին, մենք էլ տեղյակ ենք ՀԱԿ-ի մի քանի անհաջող հանձնաժողովականների մասին: Անգամ այս օրերի վերահաշվարկներն են ցավագին բացահայտում անում. ՀԱԿ-ի թեկուզ 1-2 քվեարթերիկներ հայտնաբերվում են այլ տրցակներում եւ հարց է ծագում, թե ո՞ւր էին նրա անդամները, վստահված անձինք ու ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ համագործակցությունը հենց իրենց քվեները հաշվելու ժամանակ: Ինքս անձամբ կնոջս հետ մի տեղամասում /1-33/ ՀԱԿ-ի 3 քվեաթերթիկ ենք ՀՅԴ տրցակից ետ խլել /շատ զարմանալի համագործակցություն է եղել նշված ուժերի միջեւ, այնպես չէ՞ /... Չնայած այս ամենին, այդպիսի ծախված հանձնաժողովականների պահվածքը ողջ ՀԱԿ-ին չենք վերագրում ու չենք ասում, թե ՀԱԿ-ը ձախողվեց....

Մնում է ենթադրել, որ «Ժառանգության» հասցեին հերթական զրպարտության պատճառը այլ տեղ է` ավանդական մեծամտության մեջ, սովորույթի համաձայն «Ժառանգությանը» թերագնահատելու, եւ միգուցե նաեւ` նրա այս մի փոքր առաջընթացից սրտնեղելու մեջ է: 

Հ.Գ.

Ի դեպ, բազում հանձնաժողովներում «Ժառանգության» անդամները բավական միայնակ էին զգում իրենց, հարձակման կատարյալ թիրախ դառնում բոլոր կողմերից` թե իշխանության, թե «ընդդիմության»: Ճիշտ եւ ճիշտ ներկայիս քաղաքական դաշտում «Ժառանգության» դիրքի նման:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին