«SOS Ալավերդի» նախաձեռնության անդամներն օրերս հանդիպել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին։
Բնապահպաններն ու ակտիվիստները նշել են, թե շատ լավ է, որ կառավարությունն ուզում է զբոսաշրջություն զարգացնել, բայց այս ոլորտի և մնացած այլ ոլորտների ի՞նչ զարգացման մասին է խոսքը , եթե այստեղ մարդիկ ամեն օր թույն են շնչում ու այս շրջանը շատ երկրների համար գործարանի վնասակար արտանետումների պատճառով համարվում է սև գոտի ու խորհուրդ չի տրվում այցելել։
«Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ -ի համաշխարհային ժառանգության օբյեկտներից 2-ը՝ Սանահինի վանքը և Հաղպատավանքը գտնվում են հենց այս տարածքում , սակայն քանի դեռ այստեղ տուրիստները շրջում են բժշկական դիմակներով, այս պատմական հուշարձանները զբոսաշրջային ակտիվ երթուղիների մեջ ներառելու հնարավորություն ցավոք չի լինի։

Գործարանի աշխատանքը երկրում տարածքային կառավարման և զարգացման հետ ամենաուղիղ կապն ունի ու մի ամբողջ տարածաշրջանի վրա բացասաբար է անդրադառնում։
«ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» («ԷՅ-ՍԻ-ՓԻ») ընկերությունը տարածքում ծավալված իր բիզնես գործունեությամբ վտանգում է հազարավոր ՀՀ քաղաքցիների կյանքեր ։ Ուրեմն ամենաարագ կերպով պետք է վերջ դնել նման ձևով ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարմանը։
Ի՞նչ է դուրս գալիս , որ քաղաքացիներից մեկը իրավունք ունի աշխատել, իսկ մյուսը իրավունք չունի՞ շնչել մաքուր օդ, ապրել առողջ։ Չի՛ կարելի բիզնեսով զբաղվել այլոց առողջության հաշվին ․․․ » ,-մասնավորապես ահազանգում են «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամները:


