Այսօր ժամը 12.00-ի սահմաններում Ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ՋՕԸ-ի վարչական շենքում վիճաբանություն է տեղի ունենում:
Այս մասին tert.am-ին հայտնել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
«Դեպքի հանգամանքները պարզվում են, Բաղրամյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- ասել է Գաբրիելյանը:
168.am-ը տեղեկություն էր ստացել, որ միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ՋՕԸ-ի գրասենյակում:
Ըստ ստացված տեղեկությունների՝ գրասենյակ են ներխուժել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամներ Սափեյան եղբայրները՝ իրենց որդիների հետ, ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ: Վիճաբանություն է սկսվել, ծեծուջարդ, կրակոց է հնչել: Կրակել են ՋՕԸ-ի աշխատակիցներից մեկի ուղղությամբ:
Մինչև ոստիկանության ժամանելը, ըստ աղբյուրի, Սափեյանները փախել են:
Ստորև ներկայացնում ենք միջադեպի առնչությամբ ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը:
«Նոյեմբերի 7-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ջրօգտագործողների ընկերության վարչական շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելով, որ մի քանի անձի միջև վեճ է տեղի ունեցել, և, ըստ նախնական տեղեկությունների` մասնակիցներից մեկը հրացանով կրակոցներ է արձակել։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է որսորդական հրացանի կրակված փամփուշտի մասեր։ Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Նախնական տվյալներով միջադեպի հետևանքով որևէ անձ չի տուժել։
Դեպքի վերաբերյալ ոստիկանություն ստացվել է նաև հաղորդում։ Ոստիկանության Բաղրամյանի բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Չնայած կատարվածը արձագանք գտավ ԶԼՄ-ներում, սակայն տեղեկացնենք, որ ոստիկանությունը տիրապետում է օպերատիվ իրավիճակին և ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ»,- ասված է Ոստիկանության հաղորդագրության մեջ: