Դիտեք նաև՝
Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ մեկնարկել է Ֆրանցիսկոս Պապի հետ այսօր առավոտյան տեղի ունեցած առանձնազրույցով: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Սրբազան քահանայապետին՝ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև ձևավորված բարձր մակարդակի ու կառուցողական երկխոսության համար:
«Որպես Սուրբ Աթոռում Հայաստանի առաջին դեսպան՝ ինձ համար հոգեկան մեծ բավարարվածություն և պատիվ է Առաքելական պալատ վերադառնալը»,-ասել է Հայաստանի նախագահը, նշելով, որ առանձնակի հպարտությամբ ու ջերմությամբ է հիշում 1999 թ. մարտին Վատիկանի գրադարանի Սիքստինյան սրահում Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում բացված «Հայաստան-Հռոմ. երկու հազար տարվա հարաբերություններ» խորագրով ցուցահանդեսը՝ ի նշանավորում պատմական ու մշակութային հարուստ անցյալի: Նախագահ Սարգսյանի խոսքով՝ 2021-ը հատուկ տարի է հայ-վատիկանյան հարաբերությունների համար՝ հաշվի առնելով Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի և Նորին Սրբության՝ Հայաստան այցերի հոբելյանական՝ համապատասխանաբար 20-րդ ու 5-րդ տարիները:
«Այդ պատմական այցելությունները մշտապես վառ կմնան հայ ժողովրդի սրտում և մտքում»,- մասնավորապես ասել է նախագահ Սարգսյանն ու ընդգծել Ֆրանցիսկոս Պապի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նախագահը երախտագիտությամբ նշել է, որ մեր երկրի համար ծանր ու դժվարին մարտահրավերների այս փուլում Վատիկանը համերաշխության ձեռք մեկնեց մեր պետությանն ու ժողովրդին:
Դրա լավագույն վկայությունն են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին ու դրանից հետո Ֆրանցիսկոս Պապի հնչեցրած խաղաղության ուղերձները, ինչպես նաև հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչը: Հայաստանի նախագահը նշել է, որ Արցախի հարցը մարդու իրավունքների խնդիր է, հայ ժողովրդի՝ իր հինավուրց քրիստոնեական բնօրրանում ապրելու, արարելու ու իր ինքնորոշման անքակտելի իրավունքը իրացնելու պահանջ։