▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ լավ գիտեմ՝ ինչերի եմ ընդունակ, ինչ դեռ կարող եմ անել. Տիգրան Հարությունյանը ՝«Տարվա լավագույն հաղորդավար»

 

Հաղորդավար Տիգրան Հարությունյանը «Հանդես» հիմնադրամի կողմից նախաձեռնած մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա լավագույն հաղորդավար-2018» մրցանակին:

«Տարիներ շարունակ «Հանդես» հիմնադրամն արվեստի և մեդիա դաշտում աչքի ընկած մարդկանց մրցանակներ է շնորհում: Տվյալ մրցանակաբաշխության ընթացքում մրցանակների են արժանանում նաև տաղանդավոր երեխաները: Այս տարի «Տարվա լավագույն հաղորդավար» մրցանակը ստացա: Նշեմ, որ մրցանակակիրներից էին Արսեն Գրիգորյանը (Մրո), Մհեր Արմենիան, Աշուղ Աստղանուշը և այլք. անդրադարձել էին տարբեր ժանրերի, այդ թվում՝ժողովրդական ժանրի ներկայացուցիչներին»:

Հարցին՝ ի՞նչ չափորոշիչներ են հաշվի առել իրեն ընտրելիս՝ Տիգրան Հարությունյանը նշեց հետևյալը.

«Մրցանակները հանձնում էին տարվա ընթացքում իրենց ոլորտում՝ տվյալ պարագայում հեռուստատեսությունում և ռադիոյում աշխատանք կատարած մարդկանց: Ես հայրենադարձությունը քարոզող «Վերադարձ» հաղորդումն  եմ պատրաստում ԱՐ հեռուստաընկերությունում: Տարվա ընթացքում բավական մեծ թվով թողարկումներ ենք ունեցել, արդեն 100-րդ ենք ներկայացրել՝ Հայաստան վերադարձած ընտանիքների մասին: Շարունակում եմ գործունեությունս նաև Հանրային ռադիոյում որպես հեղինակ-վարող, վարում եմ երկու հաղորդում՝ շաբաթօրյա «Երաժշտական առավոտ» ծրագիրը և «Ձեր ցանկությամբ» ծրագիրը՝ ամեն օր:  Այդ ամենի, ինչպես նաև Հանրայի ռադիոյի դերն արտերկրում ավելի մեծացնելու գործի համար էլ ստացա այս մրցանակը: Այս առումով արդեն երկրորդ տարին է, ինչ պատիվ եմ ունենում Իտալիայում Radio City Milano փառատոնին ներկայացնել Հայաստանը և Հանրային ռադիոն: Հավելեմ, որ Հանրային ռադիոյից «Տարվա լավագույն երիտասարդ պրոդյուսեր-2018»-ին մրցանակի է արժանացել նաև Էդգար Ամիրխանյանը՝ որպես Հանրային ռադիոյի միջազգային բաժնի ղեկավար՝ փառատոնային նախագծերը միջազգային հարթակներում լավագույնս ներկայացնելու համար»: 

Դիտարկմանը՝ արդյո՞ք իր կարծիքով արժանի է համարվել տարվա լավագույնը, Տիգրան Հարությունն ասաց, որ ինքն իրեն չի կարող գնահատել.

«Չեմ կարող ասել, թե ես լավագույնը կամ վատագույնն  եմ:  Ես միայն գիտեմ, որ անում եմ աշխատանք իմ հնարավորությունների սահմաններում,  շատ լավ գիտեմ, թե ինչերի եմ ընդունակ, ինչ դեռ  կարող եմ անել: Տեսակով շատ իրատես եմ, ռեալ գնահատում եմ իմ ուժերը, երբեք չեմ թերագնահատում նաև մրցակիցներիս, գործընկերներիս, որոնց հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ: Իքնագնահատականներից միշտ խուսափել եմ, բայց կարող եմ ասել, որ տարին բավական հագեցած էր, բուռն էին նաև գործնական  ուղևորությունները դեպի Եվրոպա, գիտեմ, որ իմ ներդրումն եմ ունեցել հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման հարցում: 2018-ը հաջող տարի էր ինձ համար: Նախորդ տարեվերջին էլ արժանացել էի «Տարվա վարկանշային հեռուստառադիոհաղորդավար» մրցանակին: Իհարկե, մրցանակները շատ հաճելի են, բայց, միաժամանակ, շատ պարտավորեցնող են: Բնականաբար, որևէ մեկը չի աշխատում մրցանակ ստանալու համար, գերնպատակը դա չէ, բայց երբ լինում է գնահատական, իհարկե, հաճելի է»:

Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև՝ Մարինա Թագակչյանը և Տիգրան Հարությունյանը՝ հայտնիների հետ ունեցած կոնֆլիկտների և ձեռք բերած թշնամիների մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին