Այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Տիգրան Հարությունյանը՝ անդրադառնալով «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի վերաբերյալ քրեական գործին, նշել է․
«Հեռու եմ այն մտքից, որ բացարձակ սխալ ուղղությամբ ենք գնացել։ Էջը մուտք գործելու թույլտվություն ունեն մի քանի անձինք և տպավորություն է ստեղծվում, որ էջը շարունակում է գործել որպես «Գագիկ Սողոմոնյան» առանձին անհատ»,- ասել է Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այդ գործով նախաքննություն է ընթանում և ամբողջ շրջանակը պարզ կլինի նախաքննության ընթացքում։
Լրագրողի այն դիտարկմանը, որ նախկինում ԱԱԾ մեկուսարանում եղել են այնպիսի հանցագործներ, որոնք լուրջ վտանգներ են ներկայացրել պետության համար, իսկ այժմ ԱԱԾ-ն ֆեյքերով է զբաղվում, սատանաներ է բռնում, Հարությունյանը պատասխանել է.
«Սատանա չենք փնտրել երբեք, պետք չէ չափազանցնել։ Խնդիրը մեկ ֆեյքով չի սահմանափակվում, խնդիրը նրանում է, որ մեդիադաշտում ունենք բավականին ագրեսիվ ստի տարածման փորձեր»։