«Իրավունքը» գրում է․ «Գրեթե մի ողջ ամիս բոլորին հուզում էր մեկ հարց՝ ինչպես է ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը եւ երբ կգտնվի ազատության մեջ: Այս ողջ ընթացքում կազմակերպվել են բողոքի ակցիաներ, ինչպես Երեւանում, այնպես էլ ԱՄՆ-ում` ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի: Հնչել են հայտարարություններ, սակայն դրանք չեն ստացել հասարակությանը հուզող շատ հարցերի պատասխաններ: Այս եւ մի շարք հարցերի շուրջ «Իրավունք»-ը խոսեց ԴՕԿ կուսակցության նախագահ Անույշ Խուդավերդյանի հետ:
- Նախ սկսենք նրանից, որ Դուք, կարծես թե, շատ չէիք խոսում եւ հայտարարություններ չէիք անում: Դա ինչո՞վ էր պայմանավորված:
- Այո, ճիշտ եք նկատել: Դա պայմանավորված էր նրանով, որ ես չէի վստահում ոչ մեկի, բացի մի քանի անձանցից, այդ իսկ պատճառով մեկուսացվել էի եւ իմ աշխատանքը կատարում էի լուռ՝ առանց հրապարակումների: Ոչ մի րոպե չեմ դադարել աշխատել, մշտապես եղել եմ կապի մեջ Վարդան Ղուկասյանի փաստաբանի՝ Լեւոն Բաղդասարյանի հետ: Այս ողջ ընթացքում, հետեւելով լրատվական դաշտին, այդ ստահոդ լուրերին, ինքս ապշել եմ, թե որտեղից էին վերցնում նման հայտարարություններ: Ասեմ ավելին, դաշտ դուրս եկան մարդիկ, որոնց հանրությունը չէր ճանաչում եւ փորձեցին այս ֆոնի վրա դիվիդենտներ շահել: Լուռ հետեւել եմ, թե ինչպես են այս մեկ ամսվա ընթացքում զբաղեցնում հասարակությանը, իրենց ուղիղ եթերներով եւ իրարամերժ հայտարարություններով: Այս ընթացքում դաշտում հայտնվում է ոմն Էդգար, ով ինձ քարկոծում էր, թե ինչու հայտարարություններ չեմ անում եւ այլն: Նախ ասեմ հասարակության համար, որ 20 րոպեն մեկ իրավիճակ էր փոխվում եւ հետո կային բաներ, որոնք դատական գործընթացին չխանգարելու համար պետք չէր հայտարարել: Ես ինձ թույլ չտվեցի ավելորդ ինֆորմացիա տալ հասարակությանը եւ իրավասու չէի պատասխանել՝ փաստաբանի փոխարեն:
- Այս ողջ ընթացքում Վարդան Ղուկասյանի հետ խոսե՞լ եք:
- Ինչպես նշեցի, մշտապես կապի մեջ եմ եղել «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար, հայտնի իրավապաշտպան Լեւոն Բաղդասարյանի հետ: Մշտապես կապի մեջ եմ եղել Վարդանի մոր հետ՝ զուտ իմանալու համար նրա առողջությունն ինչպես է: Հույս եմ տվել եւ հոգատարորեն փործել եմ կողքը լինել: Ես պարտավոր էի: Եվ ասեմ, որ երբեք ավելորդ հարցեր չեմ տվել՝ նրան չցավեցնելու համար:
- Այս շրջանում, ինպես ասացիք, շատերին բացահայտեցիք՝ թե լավ, թե վատ առումով: Ովքե՞ր էին:
- Այո, շատերին բացահայտեցի եւ անգամ ժամանակին էլ եմ ասել պարոն Ղուկասյանին, որ կողքին շատերը կեղծ են: Ինքս իմ համար արդեն որոշում կայացրել եմ, որը կներկայացնեմ Ղուկասյանին եւ կխնդրեմ վերանայել որոշ մարդկանց ներկայությունը մեր շարքերում: Շատերին բացահայտեցի, որոնք հանդես եկան որպես թշնամի: Ասեմ ավելին, կենացներ են խմել, խնջույքներ են կազմակերպել, եւ դա արել են այն մարդիկ, որոնց Վարդան Ղուկասյանը մշտապես օգնել եւ սատարել է: Սակայն, երբ երեկ պարզ եղավ դատավարության ընթացքը, այդ նույն մարդիկ հաղթանակ էին կիսում: Այսքան կեղծ ինչպե՞ս կարելի է լինել...
- ԴՕԿ կուսակցությունը ի՞նչ է պատրաստվում անել:
- Նախ առջեւում մենք ունենք երկար քննարկում, որը Վարդան Ղուկասյանը կներկայացնի հանրությանը: Իմ լռությունը պատահական չէր: Ի՞նչ եք կարծում, ես չէի՞ կարղ մամլո ասուլիս տալ, սակայն ամեն բան ունի իր ժամանակը: Ես զտում էի դաշտը՝ բացահայտելով շատ դեմքեր, որոնց պահվածքը շատ բանի մասին է խոսում: Իմ աշխատանքը եղել է լուռ, բայց կարեւորն՝ արդյունավետ, որը կտեսնի պարոն Ղուկասյանը:
- Գյումրու ընտրություններին չմասնակցելու որոշումը ո՞ւմ կողմից կայացվեց:
- Այդ որոշումը կայացրել է Վարդան Ղուկասյանը եւ անգամ իր ձայնային ուղերձում խոսում է այդ մասին՝ ասելով, որ նման որոշում կայացրել է ինքը եւ դրա պատասխանը կտա եւս ինքը: Տարօրինակն այն էր, որ այդ շրջանում Էդգար Համբարձումյանը, ով բլոգեր է ներկայանում եւ թամադա է, ինձնից պահանջում էր կուսակցական թղթեր: Նա մտել էր մի դաշտ, որն անգամ ուժային կառույցները չէին մտել: Այդ մարդը ո՛չ կուսակցական է, ո՛չ Վարդան Ղուկասյանի մտերիմը, սակայն կեղծ սրտացավություն էր հայտնում իր եթերներում: Տարօրինակ էր նաեւ այն քայլը, երբ փորձում էր իմ եւ Արտակ Գալստյանի միչեւ կոնֆլիկտ հրահրել՝ ինձ համեմատելով Արտակի հետ: Նա նույնիսկ ինձ անվանեց «դավաճան»: Իհարկե, հետո ներողություն խնդրեց, սակայն ամենն արեդն ֆիքսվել է մեր աշխատակազմի կողմից: Տելեգրամ ալիքում հարցում էին տեղադրել. «Գո՞հ եք Անույշ Խուդավերդյանի աշխատանքից»: Այս ամենն արվում էր, որպեսզի ես նրան պատասխանեի, սակայն իմ հմտությունն ինձ թույլ տվեց սադրանքներին չտրվել: Երբ Վարդան Ղուկասյանը ձայնային հաղորդագրություն ուղարկեց հասարակությանը, պարզ ասաց, որ կան մարդիկ որոնք էյֆորիայի մեջ են, դա ժամանակավոր է եւ կգա օրը, ինքը ամենը կդնի իր տեղը, անգամ այն մարդկանց, ովքեր փորձում էին կեղտոտ ջրում ձուկ որսալ: Այս ամենը ուներ մեկ նպատակ՝ կազմաքանդել ԴՕԿ կուսակցությունը՝ վարկաբեկելով նախագահին, բայց չէին հասկանում, որ դրանով առաջինը հարվածում են հենց Ղուկասյանին: Չէ որ այդ կուսակցությունը Ղուկասյանի ստեղծած կուսակցությունն է, եւ ես, որպես նախագահ, ընտրվել եմ նրա կողմից: Դա խսում է մեկ բանի մասին, որ դա ընդամենը պատվեր էր, գուցե եւ ներկայիս իշխանության կողմից: Շատերը վախենում են Վարդան Ղուկասյանից, քանի, որ Gellap-ի կատարած հարցումների արդյունքում՝ նա նախքան ձերբակալվելը թվով երկրորդ տեղն էր զբաղեցնում: Բոլորի նպատակը մեկն էր՝ իջեցնել նրա ռեյտինգը: Սակայն, ինչպես տեսանք, դա իրենց չհաջողվեց, քանի որ առավել քան երբեւէ հասարակությունը կանգնեց Ղուկասյանի կողքին: Իհարկե, շատ-շատերը փախան, անգամ այն մարդիկ, որոնց համար Ղուկասյանը շատ մեծ բան է արել, եւ այս օրհասական պահին նրանցից ոչ մեկին չտեսա մեր կողքին կանգնած: Ինչեւէ, այժմ մեկ բան է կարեւոր, որ Վարդան Ղուկասյանը լինի ազատության մեջ, մնացածը կընկնի իր տեղը»:
Հեղինակ՝ Նանա Սարգսյան