▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԴ-ն մերժեց ԱԺ-ի դիմումը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ

Սահմանադրական դատարանը վարույթ չի ընդունել, մերժել է քննել Ազգային ժողովի դիմումը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:

Սահմանադրական դատարանի աշխատակազմից հայտնում են հետևյալը․ Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում։

ՍԴ-ի նախագահ Հրայր Թովմասյանն օրեր առաջ տված հարցազրույցում հայտարարել էր, որ իր պաշտոնավարման շուրջ Ազգային ժողովի սկսած գործընթացը քաղաքական բնույթի է։

ԱԺ-ի ընդունած նախագծի հիմքում Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանի թույլ տված էական կարգապահական խախտումներն էին: Իշխող մեծամասնություն «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագծին կողմ էր քվեարկեց նաև ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որոշել էր չմասնակցել քվեարկությանը:

Շուրջ 100-էջանոց փաստաթղթում ներկայացված էր չորս հիմք: Այդ հիմքերից մեկը, որ խախտվել է բարձր դատարանի անաչառության սկզբունքը, ՍԴ նախագահի և Հանրապետական կուսակցության փոխկապակցվածությունն է, Թովմասյանի անդամակցությունը ՀՀԿ-ին, իսկ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերը համընկնում են Մարտի 1-ի գործով: Հիմքերից է Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի հետ Հրայր Թովմասյանի քավոր-սանիկական կապը: Բայց, ըստ իշխանական պատգամավորի, խնդիրը ոչ թե բարեկամական կապն է, այլ դրա մասին չբարձրաձայնելը, սեփական անձի վարույթից հեռացվելու հարց չբարձրացնելը: Եվ չորրորդը, Քոչարյանի դիմումը վարույթ ընդունելիս պետք է քննարկվեր դատավորի մասնակցության անհնարինության վերաբերյալ հարցը, բայց այդպիսի որոշում բարձր դատարանը չունի։

Հրայր Թովմասյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, սակայն ՍԴ-ն շրջանցել էր  դատավորի միջնորդությունը, անցել Քոչարյանի դիմումի քննությանը:

Չնայած նախագծում ներկայացված հիմնավորումներին, վճռորոշ էր  լինելու Սահմանադրական դատարանի որոշումը: Եթե Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունվեր, ապա Սահմանադրական դատարանի քննությամբ էր  որոշվելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմք կա, թե ոչ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին