▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանի հանգստյան գոտիներից մեկում կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ ու զոհ

Թարմացված. Իրավապահները պարզել են հուլիսի 17-ին Սևանի վարչական տարծքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքի մասնակիցների և կրակոցներ արձակողի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ձեռք բերված ապացույցների (ինչը հիմնավորվել է հյուրանոցային համալիրում եղած տեսախցիկների արձանագրածով), ժամը 19։50-ի սահմաններում Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 40-ամյա Միսակ Փ․-ն և Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 19-ամյա Լյովա Բ․-ն Վ․ Ա․-ի, Ս․ Ս-ի և Գ․ Ս․-ի հետ գտնվել են նշված հյուրանոցային համալիրի իրենց կողմից պատվիրված հյուրասենյակում և այդ ժամանակ դրսից լսել են վիճաբանության և հայհոյանքի ձայներ։ Բոլորը դուրս են եկել և դիտողություն արել, որից հետո Ա․ Աֆիյանի, Ա․ Ալոյանի, Է․ Աֆյանի և Գ․ Ղազարյանի հետ մտել են վիճաբանության մեջ, որը վերածվել է ծեծկռտուքի։ Այդ ամենին մասնակից են եղել նաև Միսակ Փ․-ի ընկերները։ Այդ ժամանակ Միսակ Փ․-ն ծեծկռտուքի մասնակիցներից Է․ Աֆյանի ձեռքին նկատել է ատրճանակի նմանվող առարկա և փորձել է նրանից խլել այն և բռնել է նրա ձեռքը, որի ընթացքում էլ մեկ կրակոց է արձակվել հատակի ուղղությամբ։ Այդ ժամանակ նրանց է մոտեցել նշված հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակից Ա․ Ալոյանը, ով նույնպես բռնել է Է․ Աֆյանի ձեռքից, փորձելով նրանից վերցնել ատրճանակը։ Այդ ժամանակ Միսակ Փ․-ն իր մոտ պահվող ատրճանակով մեկ անգամ կրակել է Է․ Աֆյանի ուղղությամբ, իսկ առաջացած քաշքշուկի ընթացքում կարողացել է վերցնել նրա ձեռքի ատրճանակը և ևս մեկ կրակոց արձակել, որի հետևանքով Ա․ Ալոյանին պատճառվել է հրազենային վնասվածք, իսկ Միսակ Փ․-ն իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել Ա․ Աֆիյանի ուղղությամբ և կրակոցը դիպել է վերջինի որովայնին։ Քննիչի որոշմամբ Լյովա Բ․-ն, ով քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է և Միսակ Փ․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Ձերբակալման պահին «քոթեջ»-ի սեղանի վրա հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակին նմանվող ատրճանակ։ Հայտնաբերվել է նաև ևս մեկ ատրճանակ։ Քննիչի որոշմամբ նշանակվել դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ»։

 

***

Երեկ՝ հուլիսի 17-ին կրակոցներ, սպանություն, սպանության փորձի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Սևանի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել 3 քաղաքացու։
Ոստիկաններն ու քննիչները նշված ռեստորանային համալիրի բակում հայտնաբերել են ատրճանակից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, իսկ առանձնասենյակներից մեկում հայտնաբերել են ատրճանակ։ Մինչ փորձաքրեագետները աշխատում էին դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածքներով «Սևան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արսեն Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ալոյանը։ Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել դարձյալ ոստիկանության Սևանի բաժին և տեղեկացրել են, որ վիրավորներից Ա․ Աֆիյանը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում սպանություն, սպանության փորձի հատկանիշենրով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիճաբանությունը, որը հետո վերածվել է կրակոցների, «մի կաթիլ մեղրի» պատմություն է եղել։ Մահացած Ա․ Աֆիյանը Սևանում եղել է հայտնի ատամնաբույժ, իսկ ոստիկանները կարողացել են մասնակիցներից մի քանիսին տաք հետքերով վնասազերծեն, որոնցից մեկը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է՝ Լևոն Բանդուրյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին