Սևանում ջրասուզակները հայտնաբերել են ջրահեղձ եղած կոմպոզիտորի դին
Այսօր՝ հունիսի 3-ին, 2 օր տևած որոնողական աշխատանքների արդյունքում ջրասուզակները Սևանա լճում հայտնաբերել են ջրահեղձ եղած կոմպոզիտորի մարմինը: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը:
***
ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2024 թվականի հունիսի 01-ին, ժամը 11։15-ին, Սևանա լճում հանգստյան գոտիներից մեկի անվտանգությունից ահազանգ է ստացվել բաժին այն մասին, որ իրենց մոտ հանգստացող Ա․ Մնացականյանի շորերը և իրերը հայտնաբերվել են լճի ափին, իսկ ինքը տարածքում չէ։
Դեպքի առթիվ 2024թ․ հունիսի 1-ին, անհայտ կորելու հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Սկսվել է նախաքննություն, նաև իրականացվել են որոնողական աշխատանքներ։
2024 թվականի հունիսի 3-ին նույն հանգստյան գուտու լողափի տարածքից՝ Սևանա լճում, ափից 65-70 մետր հեռավորության վրա, 4 մետր խորությունից հայտնաբերվել է Երևան քաղաքի 25-ամյա բնակիչ Ա․ Մնացականյանի դին։
Դիակի զննությամբ արտաքուստ բռնության հետքեր չկան։
Իրականացվում է նախաքննություն։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նաև նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»:
***
Հունիսի 1-ին, ժամը 12:23-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի ափին գտնվող հյուրանոցի հյուրերից մեկը տևական ժամանակ է բացակայում է, սակայն իրերը տեղում են (ենթադրվում է, որ լճում խեղդվել է)։
Հունիսի 1-3-ը ենթադրյալ տարածքում քաղաքացու որոնողական աշխատանքները իրականացնելու նպատակով ընդգրկվել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ՝ ՄՓՎ պետ փ/ծ գնդապետ Գալստյանի գլխավորությամբ, հատուկ ջրափրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, 3 ջրասուզակ, 9 ջրափրկարար (2 մոտորանավակով) և 17 փրկարար:
Որոնողական աշխատանքներն իրականացվել են լճում, հարակից անտառում և հանդամասերում․ կիրառվել են ջրային և օդային հետախուզության միջոցներ՝ ստորջրյա «Гном» սարքավորում և անօդաչու թռչող սարք։
Որոնողական աշխատանքների արդյունքում՝ հունիսի 3-ին, ժամը 11։32-ին ափից մոտ 70 մ հեռավորության և 4 մ խորության վրա հայտնաբերվել է Ա․ Մ-ի (ծնված 1999թ․) դին և դուրս բերվել։