Դեռևս 2019թ. հոկտեմբեր ամսին տեղեկություն տարածվեց այն մասին, որ ռեժիսոր Իննա Սահակյանը ծանրորդ Մելինե Դալուզյանի (Մել) մասին վավերագրական ֆիլմ է նկարում, որը պատմելու է սեռափոխված հայ ծանրամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Մելինե (Մել) Դալուզյանի մասին։
Այս մասին գրում է 168.am-ը:
«Մել»-ը 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է եղել: Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ:
168.am-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտ նախարարությունից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նկարահանվել է ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմը, որի համար կառավարությունը հատկացրել էր շուրջ 20 միլիոն դրամ:
Մեր հարցման ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարության Ժամանակակից արվեստի վարչությունից տեղեկացրեցին, որ «ՄԵԼ» խաղարկային-վավերագրական ֆիլմը (արտադրող ընկերություն՝ «Բարս մեդիա» Հայաստան) իրականացվում է Նիդեռլանդների հետ համատեղ արտադրությամբ («Ուինդմիլ ֆիլմ» ընկերություն, Նիդեռլանդներ)՝ Ճապոնիայի և Կանադայի համաֆինանսավորմամբ:
««Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի մրցութային ծրագրով 2019 թվականին ֆիլմի նկարահանումներն իրականացնելու համար տրամադրվել է 20 միլիոն ՀՀ դրամ. արտադրական փուլն ավարտված է, և ներկայումս իրականացվում են ֆիլմի հետարտադրական՝ մոնտաժաձայնագրման, գունաշտկման և այլ անհրաժեշտ աշխատանքներ:
Վերոնշյալ աշխատանքների իրականացման ժամանակացույցը փոփոխությունների է ենթարկվել՝ աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածման հանգամանքով պայմանավորված: Ֆիլմը պատմում է ծանրամարտի բազմակի չեմպիոն Մելինե Դալուզյանի կենսագրության մասին:
«ՄԵԼ» վավերագրական ֆիլմի սցենարիստ-ռեժիսոր՝ Իննա Սահակյան, Պոլ Կոհեն, պրոդյուսեր՝ Վարդան Հովհաննիսյան, արտադրող ընկերություն՝ «Բարս մեդիա» Հայաստան»,- նշված էր ԿԳՄՍՆ պատասխան նամակում:
Նախարարությունից հայտնել էին նաև, որ «Բարս մեդիա» ընկերությունը մասնակցել և վավերագրել է 2020 թվականի Արցախյան պատերազմի ամբողջ ընթացքը:
Դիտեք նաև՝