Մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երրորդ նախագահ ֆեյսբուքյան էջից։
Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են Արմեն Աշոտյանը, ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ, «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը և ՀՀԿ խորհրդի անդամ Լիլիթ Բեգլարյանը:
Այցի շրջանակում Բրյուսելում հանդիպում է տեղի ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի հետ. «Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել իր գլխավորած պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար, ապա ևս մեկ անգամ շնորհավորել Դոնալդ Տուսկին` ԵԺԿ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, մաղթել հաջողություններ»:
Զրուցակիցները կարևորել են Բրյուսելում դեռևս 2017 թվականին ԵՄ-ի և ՀՀ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. «ԵԺԿ նախագահի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները: Անդրադարձ է եղել նաև Հանրապետական կուսակցության հետ ԵԺԿ շրջանակում արդյունավետ զարգացող համագործակցությանը և հետագա անելիքներին: Դոնալդ Տուսկը և Սերժ Սարգսյանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների շուրջ»:
Սերժ Սարգսյանն ընդգծել է միջազգային գործընկերության կարևորությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացման և տարածաշրջանային կայունության ամրապնդման տեսանկյունից. «Անդրադարձ է կատարվել իրական ժողովրդավարության համար պոպուլիզմի վտանգներին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի Սահմանադրության և բացառապես իրավական գործընթացների շրջանակում, համապատասխան մասնագիտացված կառույցների առավելագույն ներգրավմամբ ու փորձագիտական եզրակացությունների հիման վրա»: