Այսօր ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հայտարարություն տարածեց, ըստ որի Սերժ Սարգսյանը անցյալ շաբաթ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, որը չի քննվում կաշառք ստանալու առերևույթ դեպքի առթիվ:
hraparak.am-ն է հիշեցնում այս մասին ու նշում, որ կայքի տեղեկություններով հարցաքննությունը իրականում հարգելի պատրվակ է եղել, որ Սերժ Սարգսյանն օրինական հիմունքներով մուտք գործի ԱԱԾ շենք։ Հարցաքննությունն իսկապես շատ կարճ է տեւել։ Իսկ այցելության իրական նպատակը եղել է այն, որ այդ կարճատեւ հարցաքննությունից հետո նրան իջեցրել են ԱԱԾ մեկուսարան՝ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նա առանձնազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։
«ՔԿՀ կայքի աղբյուրն ասել է, որ հանդիպումը բավականին երկար է տեւել՝ մոտ 4 ժամ։ Թե ինչ են խոսել երկու նախագահները, բնականաբար միայն իրենք գիտեն։ Մենք կարող ենք միայն ենթադրել, թե ինչ նպատակով կարող է կազմակերպված լինել այդ հանդիպումը եւ ինչ հետեւանքներ կարող է այն ունենալ։
Մի բան պարզ է, որ հանդիպման կազմակերպիչն ու հովանավորը Նիկոլ Փաշինյանն է։ Ամենայն հավանականությամբ, հենց նրա խնդրանքով կամ առաջարկով է Սերժ Սարգսյանն այցելել ԱԱԾ։ Կարելի է ենթադրել, որ իշխանությունների անունից ինչ-որ առաջարկ անելու նպատակով։ Գուցե՝ քննարկվել է «ազատություն- ինչ որ բանի դիմաց» տարբերակը։ Դա կարող է լինել, ասենք՝ ազատություն, սակայն հետագայում քաղաքականությունից դուրս գալը, կամ՝ իր թիմի կողմից իշխանություններին ուղղված քննադատությունը նվազեցնելը, սեփական լրատվամիջոցների մեղմ վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ, ֆեյսբուքում հակաիշխանական քարոզչությունը պակասեցնելը եւ այլն, եւ այլն։ Ուշագրավ է, որ բանագնացը հենց Սերժ Սարգսյանն է, այլ ոչ թե մեկ ուրիշը»,-նշում է hraparak.am-ը։