Համահայկական գագաթաժողովին մասնակցության նպատակով Հայաստան ժամանած Թուրքիայի խորհրդարանի միակ հայազգի պատգամավոր Կարո Փայլանն, ինչպես հայտնի է, տարբեր հանդիպումներ էր ունեցել Հայաստանի նախկին եւ ներկա ղեկավարների հետ:
Առավոտ.am-ը գրում է, որ կայքին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Կարո Փայլանի եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից:
Մասնավորաբար, Կարո Փայլանը փորձել է առաջ մղել ազգային միասնության թեզը՝ շեշտը դնելով՝ «Նիկոլ Փաշինյանին օգնենք» տարբերակի վրա: Սերժ Սարգսյանը կտրուկ հակադարձել է Կարո Փայլանին՝ ասելով՝ «ինչո՞ւմ օգնենք, դավաճանության մե՞ջ»:
Սերժ Սարգսյանը նաեւ հավելել է, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է ՀՀ վարչապետը՝ Հայաստանի եւ Արցախի «գործերը վատանալու են», հայկական երկու պետությունների առջեւ որեւէ հեռանկար չի բացվելու, ուստի, համախմբվել մի մարդու շուրջ՝ ում պատճառով ստեղծվել է այս իրավիճակը, որից ելքերը դառնում են օրհասական, պարզապես բացառված է:
Թուրքական խորհրդարանի պատգամավորի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյան-Կարո Փայլան զրույցի մի մեծ մասն էլ նվիրված է եղել «խաղաղության համաձայնագրին»: