«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթից կլրանա 20-օրյա ժամկետը, որի ընթացքում պետք է Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության կաբինետն ամբողջությամբ ձեւավորվի: Նոր կառավարության շուրջ ծավալված քննարկումներում կարեւորագույն թեման ՀՀ պաշտպանության նախարարի հարցն է:
Հիշեցնենք` կառավարության արձակվելուց անմիջապես հետո «Ժողովուրդ» օրաթերթը 09.09.2016թ. իր համարում տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը չի վերանշանակվի իր պաշտոնում: Այնուհետեւ լուրեր տարածվեցին այն մասին, որ Օհանյանը նշանակվելու է ՀԱՊԿ քարտուղար: Սակայն հետագայում ինքը՝ Օհանյանը, հերքեց ՀԱՊԿ քարտուղար նշանակվելու տարբերակը, ինչը շատ գործիչների մոտ տպավորություն ստեղծեց, թե նա մնալու է իր պաշտոնում:
Սակայն երեկ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայր է հրավիրել Սեյրան Օհանյանին` ապագայի մասին զրուցելու: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ երկու պաշտոնյաների մոտ երկժամյա հանդիպման արդյունքում որոշում է կայացվել, որ Սեյրան Օհանյանն այլեւս չի վերանշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում: Թե ինչով կզբաղվի Սեյրան Օհանյանը, «Ժողովուրդ»-ին դեռեւս պարզել չհաջողվեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում