▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի դուստրը նորերի հետ չի ուզում աշխատել

 

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Հրապարակ» թերթի տեղեկություններով` այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը՝ Սաթենիկը։

 

 

 

 

 

 

 

 

 

Նա աշխատում էր առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչությունում՝ որպես տնտեսագետ։

«Սաթենիկը 2016-ին երրորդ զավակն է ունեցել և գտնվում էր հետծննդյան արձակուրդում, որի ժամկետն օրերս ավարտվել էր։ Երբ նախարարությունից հետաքրքրվել են՝ աշխատանքի դուրս գալու հարցով, Սաթենիկ Սարգսյանը աշխատանքից ազատման դիմումն է ուղարկել»,–գրում է թերթը։

Թերթի տվյալներով` երեկ նախարարն արդեն ստորագրել էր նրա՝ աշխատանքից ազատման դիմումը:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մեղադրանք է առաջադրվել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանին՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու եւ օգտագործելու դեպքերի առթիվ:

ՀՀ ԱԱԾ-ում հարուցված այս քրեական գործը շարունակում է մնալ հասարակական-քաղաքական քննարկումների կիզակետում: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործով անցնող բոլոր անձինք, այդ թվում` ՊՎԾ-ի՝ մեղադրյալի կարգավիճակում գտնվող ու օրերս կալանքից ազատված անձինք, ցուցմունք են տվել Դավիթ Սանասարյանի դեմ:

Մասնավորապես, երեկ կալանքից ազատ է արձակվել ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը: Իսկ մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, այս գործով անցնող անձինք իրենց ցուցմունքներում կրկնել են հետեւյալ արտահայտությունը. Դավիթ Սանասարյանը տեղյակ է եղել իրենց այդ գործողությունների մասին, եւ ներկայացրել են համապատասխան ապացույցներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

 

 

«Իրատես» թերթը գրում է. «Չնայած ՀՀԿ-ն տեւական ժամանակ «եփեց» Սերժ Սարգսյանի խոսելու մասին տեղեկությունը` լրատվամիջոցների ուշադրությունը սեւեռելով այս թեմայի վրա, իրականում դա բավական լավ մտածված քարոզչական հնարք էր: Սերժ Սարգսյանն ամենեւին էլ մտադիր չի եղել խոսելու իր հրաժարականի օրը: Սա, մեր տեղեկություններով, ընդամենը փորձարկում էր, թե որքան են սպասում Սարգսյանի խոսքին, ու հանրությանն այսօր որքան է հետաքրքիր երրորդ նախագահը:

Սակայն Սերժ Սարգսյանը, ինչպես կասեր Գալուստ Գրիգորիչը, «անալիզներ» է արել ու հասկացել, որ առայժմ պետք է շարունակի լռության ուխտը: Ըստ նրա թիմակիցների` Սարգսյանը ոչ մի վայրկյան քաղաքական գործընթացներից հեռու չի եղել ու չի պատրաստվում լինելու, աշխատում է ու փորձում հասկանալ` ե՞րբ է, այդուհանդերձ, խոսելու ճիշտ ժամանակը: Որքան արագ նոր իշխանության վարկանիշն անկում գրանցի, այնքան կմոտենա Սերժ Սարգսյանի խոսելու ժամանակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած ՀՀԿ-ականների խրոխտ հայտարարություններին` երբեմնի իշխող կուսակցությունը ծանր օրեր է ապրում նաեւ ֆինանսապես:

Բանն այն է, որ 2017թ. համեմատ` նախորդ տարի կտրուկ նվազել են ՀՀԿ-ի ֆինանսական մուտքերը, որ գոյանում են անդամավճարների հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀԿ տարեկան հաշվետվություններից պարզել է, որ եթե 2017թ. դեռ այն ժամանակ իշխող ՀՀԿ-ն անդամակցության վճարներից ստացել է 433 հազար 114 դրամ, ապա 2018թ. այդ թիվը կիսով չափ կրճատվել է` կազմելով 251 հազար 469 դրամ:

Նվազել են նաեւ ՀՀԿ ծախսերը. այս կուսակցությունը եթե իշխանավարման տարիներին` միայն 2017թ., ծախսել է 469 հազար 613 դրամ, ապա 2018թ. ծախսերը կազմել են 357 հազար 457 դրամ:

ՀՀԿ-ն 2017թ. տարեսկզբին ունեցել է 378 հազար 346 դրամի անշարժ գույք, իսկ արդեն 2018թ. անշարժ գույքի արժեքը կազմել է 399 հազար 625 դրամ: Հասկանալի է՝ սրանք ՀՀԿ-ի պաշտոնապես արված ծախսերն են, իսկ հատկապես իշխանավարման ժամանակահատվածում դժվար չէ կռահել, թե այս կուսակցությունում գումարների ինչ ահռելի չափերի շրջանառություն է եղել:

Նշենք նաեւ, որ ՀՀԿ հաշվետվությունները ստորագրել է ՀՀԿ փոխնախագահներից Գալուստ Սահակյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ամռանը` հունիս-հուլիս ամիսներին, իշխանական հիերարխիայում սպասվում են կադրային լուրջ վերադասավորումներ: Հիշենք` վարչապետին կից գործում է մի քանի հոգուց կազմված կադրային «քասթինգ» իրականացնող թիմ, որի ուսումնասիրությունների արդյունքների վրա էլ տեղի կունենան սպասվող փոփոխությունները, որոնք կլինեն առաջին հերթին կառավարությունում։ Ընդ որում, բավականին բարձր մակարդակներում:

Կառավարության մեր աղբյուրները չեն բացառում, որ բանը հասնի մինչեւ Կարգին Հայկոյին` Երեւանի քաղաքապետին:

Բանն այն է, որ քաղաքի այսօրվա աղտոտ, անծաղիկ, չխնամված տեսքն արդեն իսկ ազդում է «բիչոկներ» հավաքելու սիրահար վարչապետի նյարդերի վրա։ Եթե այսպես շարունակվի` «հունիս-հուլիս ամիսներին աղբահանության առումով ուղղակի կատաստրոֆա կլինի. վարչապետը «ժերտվա» կտա Մարությանին, որպեսզի հանգստացնի առանց այն էլ իրենից մեծ հիասթափություն ապրող ժողովրդին, պարզապես առաջացել է զուգահեռ խնդիրը` իսկ ու՞մ նշանակել... «Իմ քայլի» ավագանիում չկա կոմպետենտ մարդ, որը կկարողանա հոգալ Երեւանի` հիդրայի վերածվող խնդիրները»,- ասաց մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Հրապարակ» թերթը գրում է. « Տիկին Մակունց, ԱԺ-ն այդպես էլ չունեցավ մամլո խոսնակ, եւ աշխատանքը խորհրդարանի, նրա մեծամասնության հետ բավականին բարդ է ընթանում, որովհետեւ պատգամավորները հիմնականում չեն պատասխանում հեռախոսազանգերին։

«Չունեցանք, որովհետեւ աշխատանքային փոփոխություններ պետք է լինեն, որոնք պետք է նախաձեռնի ԱԺ-ն եւ ոչ թե մեր խմբակցությունը։ Դե ֆակտո չկա նման հաստիք, եւ, այո, պատգամավորներից որեւէ մեկի վրա չդրվեց այդ պարտականությունը, սակայն մեր հավաքների ընթացքում մենք ամեն անգամ շեշտում ենք, որ պատգամավորները պետք է բաց լինեն լրատվամիջոցների առաջ։

Զանգերին հնարավոր է ինչ-ինչ պատճառներով չպատասխանեն, սակայն քառօրյայի ընթացքում դուք հնարավորություն ունեք այդ բացը լրացնելու»:

Ի դեպ, «Իմ քայլն» այլեւս պաշտոնյաներին ֆրակցիա փակ ռեժիմով «հավատաքննության» չի՞ հրավիրում, փոշմանե՞լ եք, ասում են` արտահոսքերն են պատճառը։ «Որոշեցինք հետեւյալ սկզբունքով առաջնորդվել. այն դեպքերում, երբ խնդիրն ունի հրապարակային բնույթ, հանրային հնչեղություն, կհրավիրենք, իսկ առանձին մասնագիտական հարցերի հետ կապված` ավելի ճիշտ է աշխատանքները կազմակերպել հանձնաժողովների տիրույթում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին