«Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 8-ին Հայաստանի վարչապետի պաշտոնը թողնելուց հետո Հովիկ Աբրահամյանը շատ քիչ ժամանակ է գտնվել Հայաստանում: Իր բախտակիցների նման նա էլ լքել էր երկիրը, մի քանի շաբաթ գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում, բայց ի տարբերություն նույն բախտակիցների, Հովիկ Աբրահամյանը դեռ հույսը չի կորցնում, որ առաջիկա զարգացումներում ոչ միայն կարեւոր դերակատարություն կարող է ունենալ, այլեւ անձամբ բախտակիցների գլխավորությամբ կարող է կարեւոր գործընթացների սկիզբ դնել թե իշխանության ներսում, թե դրանից դուրս:
Այս իմաստով, եթե պաշտոնանկ եղած նախարարները Հայաստանից մեկնել են, որովհետեւ այլ բան չէր մնում անել՝ Հովիկ Աբրահամյանն առայժմ արտերկրում գտնվելով, պարզապես ժամանակ է շահում:
Մամուլը գրել էր, որ Հայաստանում գտնվելու օրերին, չնայած Սերժ Սարգսյանի հրապարակային հավաստիացումներին, Հովիկ Աբրահամյանի համար գործ չգտնվեց ՀՀԿ-ում: Այնտեղ աշխատանքի ամբողջ ծանրությունն իրենց վրա են վերցրել Արմեն Աշոտյանն ու ՀՀ փոխնախագահ, ՀՀԿ գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալայանը:
Նախընտրական այն աշխատանքը, որ կապված է քրեականների ու օրիգարխների հետ, այս պահին Սերժ Սարգսյանի հրահանգով արգելված է: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանին հաջողվի քաղաքական դաշտում այնպիսի դասավորությամբ մտնել ընտրական շրջան, որ Հովիկ Աբրահամյանի այդ կապերն ու հնարավորություններն ընդհանրապես պետք չլինեն եւ այդու Հովիկ Աբրահամյանն ընդհանրապես դուրս մնա իշխանության վերին շրջանակին նույնիսկ մոտ գտնվելու հնարավորությունից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում