Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակի խուզարկության ընթացքում իրավապահները «հետաքրքիր» փաստաթղթեր են հայտնաբերել, որոնց առնչությամբ հետագայում կարող են ուշագրավ զարգացումներ լինել։
«Փաստինֆո»-ն է գրում ու նշում, որ կայքի տեղեկություններով՝ Գևորգ Սիմոնյանը Տիգրան Ավինյանի մտերիմներից է, որի աշխատասենյակում խուզարկությունն անակնկալ է եղել շատեր համար։ Քննությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ խուզարկության ընթացքում Սիմոնյանի համակարգչում իրավապահները ցուցակներ են գտել, որոնք վերաբերել են Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների ժամանակ պոլիկլինիկաների եւ շտապօգնության աշխատակիցների ներգրավմանը։ Բացի այդ՝ պարզվում է՝ արդեն ցուցակագրել են այն գլխավոր բժիշկներին ու, ընդհանրապես այն բժիշկներին, որոնք պատրաստակամություն են հայտնել աշխատել ընտրություններում Ավինյանի համար։
Փաստաթղթերից մեկով էլ պարզվել է, որ վերջերս որոշ լոյալ բուժաշխատողներ ազատվել են աշխատանքից։
«Բնականաբար, Սիմոնյանն ինքնագլուխ չի ներգրավվել վարչական ռեսուրսի կիրառման գործում, այլ ամենայն հավանականությամբ քաղաքական իշխանության թողտվությամբ, եթե չասենք կազմակերպմամբ ու հրահանգով, սակայն նախատեսված չի եղել, որ դրանք հասու կլինեն իրավապահներին։ Շատերը զարմացած են, որ նման ցուցակները փոխքաղաքապետը բացահայտ պահել է համակարգչի մեջ։
Իհարկե, բացատրություն կփորձեն գտնել ու այս փուլում դարակներում գուցեեւ զմռսեն, սակայն ակնհայտ է, որ քաղաքական իշխանության ձեռքում հայտնվեց եւս մեկ կարեւոր գործիք՝ Տիգրան Ավինյանին վերահսկողության տակ պահելու համար։