▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շինծու, կրկես հիշեցնող դատավարությունը շարունակվում է․ Լևոն Քոչարյան

Շինծու, կրկես հիշեցնող դատավարությունը շարունակվում է․ Լևոն Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը։ Պաշտպանական կողմի հարցերին պատասխանում է տուժող ոստիկան Հրաչիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք էր առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեև, ըստ փաստաբանների, միջադեպի տեսագրություններում ոստիկաններն են Քոչարյանին հարվածել:
Հիշեցնենք նաև, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը դեպքից անմիջապես հետո հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելու հատկանիշներով։ Ոստիկանության լեյտենանտ Հրաչիկ Խաչատրյանն այն ոստիկանն է, ում դեմ հաղորդում էր ներկայացվել, հետագայում պարզվել է սակայն, որ նա նաև այն տուժող ճանաչված ոստիկանն է, ում նկատմամբ իբրև բռնություն էր գործադրվել։
Այս փաստի վերաբերյալ այսօրվա դատական նիստում իրենց զարմանքն արտահայտեցին թե՛ Լևոն Քոչարյանը և թե՛ նրա պաշտպանները․ «Այնպես է ստացվում, որ մի ոստիկան է իմ դեմ զեկուցագիր գրում, ու դա հենց այն ոստիկանն է, ում դեմ հաղորդում է ներկայացվել ինձ հարվածներ հասցնելու համար։ Էս ամեն ինչը նորմալ եք համարո՞ւմ»,- հարցը տուժող Հրաչիկ Խաչատրյանին ուղղեց Լևոն Քոչարյանը։ Նույն հարցադրումը կատարեց նաև փաստաբան Արամ Վարդևանյանը։ Հարցերը, դատարանի և մեղադրող կողմի միջամտությամբ, մնացին անպատասխան։
Ոստիկանին հարցեր ուղղվեցին նաև Լևոն Քոչարյանին բերման ենթարկելու հիմքերի և պատճառների վերաբերյալ։

***

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացավ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը: Նրանց մեղադրանք է առաջադրված անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողների օրինական գործողությանը ենթադրաբար միջամտելու և բռնություն կիրառելու համար:

Այսօրվա նիստում հարցաքննվում էր տուժող ճանաչված ոստիկանության աշխատակից Հրաչ Խաչատրյանը:

Լևոն Քոչարյանը և պաշտպաններ Ալեքսանդր Կոչուբաևը, Արամ Վարդևանյանն ու Էրիկ Ալեքսանյանը մայրաքաղաքի Ամիրյան փողոցում տեղի ունեցած իրադարձությունների, Լևոն Քոչարյանին ոստիկանության «Շենգավիթ» բաժանմունք բերման ենթարկելու մանրամասները ճշտելու նպատակով հարցեր ուղղեցին տուժողին, որը հարցերի մեծ մասին հանգամանալից պատասխաններ չտվեց, պատճառաբանելով, թե մանրամասները չի հիշում։ Այդ առումով փաստաբանները արձանագրեցին, որ տուժող ճանաչված ոստիկանը իրենց հետաքրքրող հարցերին պատասխանում է երկակի ստանդարտներով: Այսինքն՝ այն դրվագները, որոնք իր կարծիքով համեմատաբար նպաստավոր են, նկարագրում է առանց դժվարանալու, իսկ դեպքերը, որտեղ իր կատարած գործողությունները խոցելի են, պատճառաբանում է, թե չի հիշում:

Նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա 2025 թվականի հունվարի 24-ին, ժամը 16:00-ին, որի ընթացքում մեղադրվող կողմը կշարունակի հարցեր տալ տուժած կողմին:

***

«Արդարադատության առումով սպասելիք չկա, որովհետև եթե լիներ արդարադատություն, էս գործը իրավունք չուներ լինել դատարանում»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով այսօրվա՝ հունվարի 7-ի դատական նիստին։

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում տեղի էր ունենում Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ գործով դատական նիստ։ Լևոն Քոչարյանը մեղադրվում է 4 ոստիկանի նկատմամբ իբր բռնություն գործադրելու մեջ, չնայած տեսախցիկները ֆիքսել էին, որ հենց ոստիկաններն են մեքենայի մեջ ծեծի ենթարկում Լևոն Քոչարյանին։

«Սպասելիքն իրականում այն է, որ մարդիկ տեսնեն այս ամենի աբսուրդայնությունը, հանրությունը լավ հասկանա այս իշխանությունների իրական բնույթը»,- ընդգծեց Լևոն Քոչարյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին