▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիփան Փաշինյանն Ուկրաինայում «փայտի բիզնես» է սկսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, որը 2019-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից, Ուկրաինայում անցյալ տարի ընկերություն է հիմնել:

2022 թ. սեպտեմբերի 13-ին Չերկասի քաղաքում գրանցվել է Նարեկ Ղազարյանի եւ Սիփան Փաշինյանի «ՉերՎուդ» ՍՊԸ-ն («CherWood»): Սեփականատերերը կիսում են ընկերության բաժնեմասերը 50-50 հարաբերակցությամբ: Ընկերության կանոնադրական կապիտալը 25 հազ. ուկրաինական գրիվնա է: Դրա տնօրենը Նարեկ Ղազարյանի հարազատ եղբայրն է՝ Արթուրը:

Հետք․am-ն է գրում ու հավելում․ «ՉերՎուդ» անունը պատահական չէ ընտրված: Այն բաղկացած է «Չերկասի» եւ անգլերեն «wood» (փայտ) բառերից, ինչից կարելի է ենթադրել, որ ընկերության գործունեությունը կապված է փայտամշակման հետ: Այդպես էլ կա: Համաձայն ուկրաինական ռեգիստրի՝ Փաշինյանի ու Ղազարյանի ընկերության հիմնական գործունեությունը բնափայտի սղոցումն ու ռանդումն է (նման արտադրանքի թողարկումը), գործունեության այլ տեսակներ են նշված նրբատախտակի եւ պանելների արտադրությունը, շինարարական փայտե կոնստրուկցիաների արտադրությունն ու ատաղձագործական գործունեությունը, փայտե տարայի արտադրությունը, փայտից, խցանակեղեւից, ծղոտից եւ հյուսկեն նյութերից այլ արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաեւ սեփական կամ վարձակալված անշարժ գույքի վարձակալության հանձնումն ու կառավարումը:

Կայքը հատկանշական է համարում, որ ներկայում ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավարը վարչապետ Փաշինյանի աներորդին է՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Վերջինս եւ Սիփան Փաշինյանը նախորդ գումարման ԱԺ-ում էլ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամներ էին:  

Հետք․am-ը նաև հիշեցնում է, որ բիզնեսից անմասն չի մնացել նաեւ Սիփան Փաշինյանի հայրը՝ Արտակ Փաշինյանը: Վարչապետի ավագ եղբայրը 2020 թ․ սեպտեմբերին «Հայանտառ» ՊՈԱԿ-ից երկու հողակտոր է վարձակալել Տավուշի Սեւքարի անտառտնտեսության տարածքում՝ 0,5 հա եւ 0,2 հա մակերեսներով։ «Հետքի» հետ զրույցում Ա. Փաշինյանը հայտնել էր, որ տարածքը վարձակալվել է տուրիստական նպատակներով, զրուցարաններ են տեղադրվել, գիշերակացի համար էլ փայտաշեն կառույցներ են դրվել: 2020-ի սեպտեմբերին գրանցված «Արտակ Փաշինյան Վովայի» ԱՁ-ն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է հյուրանոցների տրամադրման ծառայություններով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին