▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սիրելի հայ գործընկերներ, Ռուբեն Վարդանյանն ուզում է Նիկոլ Փաշինյանին հեռացնել պաշտոնից»․ ադրբեջանցիները՝ ԵԽՎՎ–ում

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամները լիագումար նիստերի ընթացքում առիթը բաց չթողեցին Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ ելույթներ ունենալու համար։ Ե′վ Մոլդովային վերաբերող հարցով լիագումար նիստի ընթացքում, և′ Լաչինի միջանցքին վերաբերող քննարկման ժամանակ նրանք ԵԽԽՎ անդամներին փորձում էին համոզել, թե իբր Ռուբեն Վարդանյանը Պուտինի շրջապատի օլիգարխներից է, որի նպատակն է փողերի լվացմամբ զբաղվել և զբաղեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնը։



ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Քամալ Ջաֆարովը հայտարարեց, թե իբր Լաչինի միջանցքի շրջափակումն արհեստական է, իրականում տեղեկատվական շրջափակում է, որը հատուկ ուժերի կողմից է արվում, որոնք ուզում են ուշադրություն շեղել ուկրաինական պատերազմից։ Նա նշեց․ «Եթե կա ճգնաժամ, այն վստահաբար քաղաքական է, այն նախաձեռնվել է Ռուբեն Վարդանյանի պլանով։ Ռուբեն Վարդանյանը ռուսական հովանավորություն ունեցող քրեական օլիգարխ է։ 2019-ին Եվրոպական խորհրդարանը պահանջել էր հետաքննություն կատարել նրա գործունեության վերաբերյալ, երբ նա «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերության ղեկավարն էր։ Ռուբեն Վարդանյանը Մոսկվայից ուղարկվել է հատուկ օրակարգով։ Իր առաջին առաքելությունն է վնասել խաղաղության գործընթացին, վերացնել հաստատված կապերը տեղացի հայաստանցիների հետ»։ Այնուհետև դիմելով իր խոսքով «իր սիրելի հայ գործընկերներին»՝ ասաց․ «Իր մյուս առաքելությունն է Փաշինյանին հեռացնել իշխանությունից և դառնալ Հայաստանի հաջորդ վարչապետը։ Այս տեղեկատվական մանիպուլյացիայի նպատակն է Փաշինյանի և Վարդանյանի միջև մրցակցությունը»։ Նա, դիմելով Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին, ասաց․ «Ինքներդ հեռացրեք Ռուբեն Վարդանյանին հենց ձեզ համար։ Մեր ուղերձն է Փաշինյանին՝ մի հավատա Ֆրանսիայի սուտ խոստումներին։ Մենք բոլորս տեսանք, թե ինչպես Ֆրանսիան չպահեց իր խոստումը ուկրաինական հարցի հետ կապված»։

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մեկ այլ անդամ՝ Նիգար Արպադարայի ելույթը ևս կառուցված էր Ռուբեն Վարդանյանի դեմ քննադատության վրա։ Նա նշեց․ «Ֆեյք շրջափակման մասին այս մեդիա դրաման ստեղծվել է նոր անջատողական լիդերի՝ Ռուբեն Վարդանյանի կողմից, որը եկել է Ռուսաստանի փողերի լվացման համար։ Այդ անձը ոչ մի կապ չունի Ղարաբաղի հետ։ Նա Ուկրաինայի պատժամիջոցների ցանկում է, որի նկատմամբ տարբեր հետաքննություններ են սկսվել։ Ռուբեն Վարդանյանը և նրա մտերիմները ամեն ինչ անում են, որ խաղաղություն չլինի այդ հողում և ռեսուրսներն իր խաղի համար է ծախսում։ Ղարաբաղի բնակիչներն այս գաղափարախոսության զոհն են դարձել»։

Նյութի աղբյուրը՝ Առավոտ

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին