Նիկոլ Փաշինյանին հիմա սատարում են անհույսները, նրանց պետք է փրկել Նիկոլ Փաշինյանից: Նա փորձում է այն մարդկանց, ովքեր չունեն լավ ապրելու հույս, ասել, որ ոչինչ՝ դուք համակերպվեք, որ վատ ենք ապրում, բայց ես այնպես կանեմ, որ մյուսներն էլ վատ ապրեն: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 6. Փողեր» վերտառությամբ տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Գիտե՞ք ով է Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների ամենամեծ թալանչին: Կոնկրետ պատասխանում եմ՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը, մեկ օրինակով՝ Սոթքի հանք: Սոթքի հանքը՝ վերջին երկու տարվա գնահատմամբ, ունի, արդեն ուներ՝ 144 տոննա ոսկի։ Որպեսզի դուք հասկանաք, թե ինչ արժե այդքան ոսկին, ապա նայեք, թե ինչ արժե ոսկու մեկ գրամը. դուք կստանաք աստղաբաշխական թիվ՝ 8 միլիարդ դոլար: 8 միլիարդ դոլար Նիկոլ Փաշինյանը պարտությունից թալանեց, հայ ժողովրդից վերցրեց ու տվեց իր բարեկամ Ադրբեջանի ժողովրդին: Ես Սոթքի մասին մեկ բան եմ ուզում ասել, որպեսզի դուք պատկերացնեք, թե երբ անգրագիտությունն ու ստորությունը հանդիպում են, ինչ է դառնում: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կա՛մ չգիտի, կա՛մ միտումնավոր չի ուզում իմանալ, որ Սովետական Հայաստանի ժամանակ կար նամակ ուղղված կենտրոնական իշխանություններին, և այնտեղից կա նամակագրություն, որի հիմքում երևում է, որ Սոթքի հանքը, որն ընկնում էր Ադրբեջանի տարածքի մեջ, վարձակալության հիմունքներով պատկանում է Սովետական Հայաստանին, որովհետև Սովետական Հայաստանի Սոթքի պաշարները վերջացել են և դա Սոթքի հանքի բնական ընդլայնումն էր: Այդ փաստաթղթերը պահվում են ՀՀ պետական արխիվում: Բավական էր դա վերցնել, և այդ փաստաթղթով սարքել բանակցային փաթեթ, չէ՞ որ բանակցային փաթեթի կենտրոնում Սովետական Հայաստանի ու Սովետական Ադրբեջանի փոխհարաբերություններն էր, սահմանները և այլն: Բա այդ փաստաթուղթն էլ է Սովետական Հայաստանի ու Սովետական Ադրբեջանի փաթեթի մաս, չգիտե՞իք, թե չէի՞ք ուզում իմանալ»,- ասել է Միքայել Մինասյանը:
Նախկին դեսպանի խոսքով՝ այն մարդը, ով 8 միլիարդ դոլար է գողացել Հայաստանից, ասում է՝ ժողովուրդ, դա անտեսեք, ես Մոնումենտի տները կխլեմ ու կլինի լավ: Միքայել Մինասյանը նշել է, որ այդ տների ամբողջ արժեքը 100 մլն դոլար է.«8 միլիարդ գողացել է, խոստանում է, որ 100 մլն դոլար մի օր տալու է, այն էլ պարզ չէ, թե ում»:
Անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Միքայել Մինասյանն ասել է, որ պատմելու է մի պատմություն, որի անունն է, թե ինչպես Նիկոլն ու Աննան քանդեցին «Հայաստան» հիմնադրամը:
Նա նշել է, որ հայերը պատերազմի ժամանակ պատմականորեն ամենաշատ փողն են փոխանցել հիմնադրամին.«Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը. նա վերցրեց ու մսխեց բարեգործության համար ուղարկված փողը: Նիկոլ Փաշինյանը, իր դրածո, նախկին խորհրդական Հայկակ Արշամյանին հանձնարարում է 52 մլրդ 700 մլն դրամ բյուջե փոխանցել, որպեսզի կարողանա հանգիստ մսխի: Հայկակը դա անում է ինը որոշումով, և դրանցից ոչ մեկը չի ուղարկվել Խորհրդի անդամներ Ռոբերտ Քոչարյանին և Արկադի Ղուկասյանին, որովհետև նրանք կհարցնեին՝ բա այդ փողն ո՞ւր է գնում: Իննը որոշումից յոթը կորում են, անհետանում են: ՀՀ նախագահի նստավայրից, որտեղ Հայկակի գրասենյակն է ու հիմնադրամի աշխատակազմը, այդտեղից անհետանում են իննը որոշումից յոթի բնօրինակը: Թե՝ ուր, չգիտեմ, մենք դա կիմանանք, երբ նորմալ երկրում հարուցվի քրեական գործ: Ոստիկանությունը գաղտնի գալիս է Բաղրամյան 26, որպեսզի հասկանան, թե ուր են փողերը: Արմեն Սարգսյանը գաղտնի նամակ է գրում Հայկակին, ասելով՝ խնդիրներ կան, Հայկակն էլ, հասկանալով, որ 52 մլրդի մսխումն իրեն ոչ ոք չի ներելու, նամակ է գրում Ֆինանսների նախարարին, թե ասա, այդ փողը որտեղ ես ծախսել: Նախարարը պատասխանում է, որ գումարը ծախսվել է ըստ բյուջեի նախատեսված կետերի: Հայկակը նամակ է գրում Նիկոլ Փաշինյանին, Նիկոլը չի պատասխանում, որովհետև չի կարող պատասխանել, որ այդ փողը մսխել ենք»:
Ըստ Միքայել Մինասյանի, Արմեն Սարգսյանն անհանգստացած է, որովհետև այժմ Հիմնադրամն անցնում է միջազգային աուդիտ, իսկ այդ աուդիտի օրենքներով, եթե դու չես ասում, թե ինչ ես արել գումարը, քո հիմնադրամը պետք է դադարեցնի իր գործունեությունը, որովհետև դու խախտել են կանոնադրություն ու միջազգային օրենքներ:
Միքայել Մինասյանը նաև ասել է, որ Արմեն Սարգսյանը խնդիրները հասկանում է և Նիկոլ Փաշինյանին ասել է, որ դու այդ փողերը պետք է հետ տաս, և ինքը դրա դիմաց կստորագրի Փաշինյանի նշանակումները.«Սա առևտուր է, որի հիմքում արյունն է ու փողը»:
Մանրամասները՝ տեսանյութում: