Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանում թանկարժեք բնակարան է գնել։ Գործարքը տեղի է ունեցել 2022 թ-ի ամռանը։ Բնակարանի ձեռքբերման գործարքը ֆինանսավորել է Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկը»։ Իսկ շենքը, որտեղ գտնվում է նախարարի բնակարանը, կառուցում է նախկին պատգամավոր, այժմ գործող իշխանությունների աջակցությունը վայելող Աշոտ Արսենյանի ընկերությունը։
«Հետքը» մանրամասներ է պարզել անշարժ գույքի ձեռքբերման գործարքի վերաբերյալ։
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կնոջ՝ Արմինե Մուրադյանի հետ նոր բնակարան է գնել, որը դեռ չի հանձնվել շահագործման։ Նորակառույց շենքը գտնվում է Արշակունյաց պողոտա 18/4 հասցեում՝ նոր ձևավորվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում։ Շենքն ամբողջությամբ կառուցված է, ընթանում են երեսպատման և ներքին հարդարման աշխատանքներ։
Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն, բնակելի համալիրի «Դ» մասնաշենքում Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի անունով «կառուցվող շենքում բնակարան ձեռքբերելու իրավունքը» գրանցվել է 2022 թ-ի ամռանը՝ հուլիսի 27-ին։
«Հետք»-ին այլ աղբյուրից հաջողվեց պարզել, որ նորակառույց շենքում գտնվող բնակարանը 165 քառակուսի մետր է, իսկ գործարքի գինը կազմել է 69 միլիոն դրամ։ Այս գումարը բնակարանը ձեռքբերելու ամսվա դրությամբ Կենտրոնական բանկերի սահմանած տարադրամի միջին փոխարժեքով կազմում է 168 հազար ԱՄՆ դոլար (1 ԱՄՆ դոլարը 410 դրամ): Այսինքն՝ 1 քմ-ի արժեքը հուլիսի 27-ի դրությամբ կազմել է 1019 դոլար։ Մենք զրուցել ենք «Բյուրեղ» բնակելի համալիրում բնակարան գնել ցանկացողների հետ, որոնց փոխանցմամբ՝ 2020 թ.-ին` մինչեւ պատերազմը, երբ անշարժ գույքի գներն ավելի ցածր էին, նշված համալիրում 1 քմ մակերեսով գույքn ավելի թանկ էր՝ սկսվում էր 1 քմ-ն 1200 դոլարից(Ցածր հարկերը՝ 1100 դոլարից)։
«Բյուրեղ» բնակելի համալիրում այսօր անշարժ գույքի 1 քմ-ի արժեքը սկսվում է 2500 ԱՄՆ դոլարից։ Այդ պայմաններում Սուրեն Պապիկյանի գնած գույքն արժե 169 միլիոն դրամ՝ շուրջ 412 հազար դոլար, բայց նախարարն այն գնել է 69 միլիոն դրամով (168 հազար դոլար)։
Գրավոր հարցմամբ դիմեցինք պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպե՞ս է իրեն հաջողվել այդ բնակարանը գնել շուրջ 100 միլիոն դրամ էժան։
Նախարարը գրավոր հայտնեց, որ 2022 թ-ի հուլիսին բնակարանը գնել է «Հայէկոնոմբանկի» վարկային միջոցներով։ «Անդրադառնալով ձեր կողմից բարձրաձայնված հարցին՝ պետք է նշեմ, որ հիշյալ բնակարանի շուկայական գնի վերաբերյալ առավել հստակ տեղեկատվություն ստանալու համար հարկ է դիմել բազմաբնակարան շենքի վաճառքով զբաղվող ընկերությանը»,- նշել է Սուրեն Պապիկյանը՝ փաստացի չպարզաբանելով հաջող գործարքի հանգամանքները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում