Այնուամենայնիվ, ո՞ւմ եք համարում այլընտրանք Սերժ Սարգսյանին: «Սերժ Սարգսյանն այդպիսի այլընտրանքային խնդիր չունի: Ես Ձեզ ասեմ, որ ժողովուրդը նրան, իսկապես, սիրում է: Երբ նախագահը հասանելի է երկրում ապրող ցանկացած քաղաքացու համար, ուրեմն, բնականաբար, այդ նախագահին սիրում են»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Սուրեն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ում է համարում Ս. Սարգսյանին այլընտրանքային թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում:
Ս. Խաչատրյանն ասել է նաև, որ ամբողջությամբ լսել է Ս. Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարում և կարծում է, որ առաջիկա հինգ տարիներին նա առաջնորդվելու է հենց այդ ելույթով: «Նա արժևորեց մեր պետության առաջին օրից սկսած մինչև այսօր: Եվ արժևորեց առաջին և երկրորդ նախագահներին: Տեսեք՝ ինչքան մեծ մարդ է, որ և՛ նրան, և՛ նրան արժևորեց»: Այդ նույն ելույթում Ս. Սարգսյանը խոսել էր նաև երկրում առկա արատավոր երևույթների, այլանդակությունների, արկածախնդիրների ու տգետների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին: Թերթի թղթակիցը Սուրեն Խաչատրյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք նա տեսնում է տգետներ նաև սեփական կուսակցության՝ ՀՀԿ-ի շարքերում, ինչին ի պատասխան՝ Սյունիքի մարզպետն ասել է. «Տգետներ կլինեն, ո՞նց կարող է չլինեն... երբ որ ինքը ՀՀԿ անդամ է, կուսակցության տոմսը ջեբը, բայց ինքը հավատարիմ չէ այդ կուսակցությանը, դա, ինքնըստինքյան, տգիտություն է: Երբ որ Հանրապետական կուսակցության տոմս է վերցրել, դիմում է գրել ընդունվել, և այդ մարդը նպատակային է վերցրել այդ տոմսը, և խնդիր է ունեցել Հանրապետական դառնա, որպեսզի ինչ-որ բանի հասնի, և երբ որ չի հասնում, նա արդեն դավաճանում է: Նա դառնում է դավաճան, չէ՞: Սերժ Սարգսյանի խոսքը հիմնականում նաև դրանց էր վերաբերում»:
Դիտարկմանն էլ՝ այսինքն՝ ՀՀԿ-ի շարքերում դավաճաններ կա՞ն, Ս. Խաչատրյանը պատասխանել է. «Դե ո՞նց կարող է՝ չլինեն»: Նա, սակայն, հրաժարվել է նշել դավաճանների անունները՝ ասելով. «Որ իմանային՝ կուսակցությունից կհեռացնեին: Եթե կոնկրետ իմանամ՝ անունները կտամ, հավատացեք»:
Ի դեպ, վերջերս պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստացած Սուրեն Խաչատրյանը հայտարարել է, որ ինքը պատմաբան չէ: Պատասխանելով հարցին՝ արդյոք իրեն համարո՞ւմ է գիտության մարդ, Սյունիքի մարզպետն ասել է. «Ամեն մարդու պարտքն է՝ լավ իմանալ իր պատմությունը: Ես չեմ ասում, թե պատմաբան եմ, պատմության խոշոր գիտակ եմ, բայց ընդամենը փորձում եմ իմ տարածաշրջանի, իմ ազգի պատմությունը լավ իմանալ»:
Սուրեն Խաչատրյան. «ՀՀԿ-ում կան դավաճաններ, բայց անունները չգիտեմ»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet