Իրանի Իսլամական Հանրապետությունում է գտնվում շուրջ 160 հայ զինվոր։ Վերջերս իրանցի բարձրաստիճան զինվորականների՝ Հայաստան ժամանման առիթներից մեկն էլ հայ զինվորների վերադարձի հետ կապված հարցերը քննարկելն է եղել։

Այս մասին գրում է Hraparak.am-ը՝ հղում անելով իր ունեցած հավաստի տեղեկություններին:
Կայքին պատմել են, որ հայ զինվորները պատերազմի թեժ օրերին հատել են Իրանի պետական սահմանը և այդ ժամանակվանից գտնվում են այնտեղ՝ հայտնի չէ, թե որտեղ են գտնվում եւ ինչ կարգավիճակով։ Ասել են նաև, որ հայ զինվորների վերադարձի հետ կապված Իրանը ինչ-ինչ նախապայմաններ է ներկայացրել հայկական կողմին՝ ադրբեջանական օրինակը, փաստորեն, վարակիչ է եւ նրանք էլ են փորձում օգտվել «գերիներ» ունենալու հանգամանքից։
Տեղեկությունը կայքը փորձել է պաշտոնապես ճշտել պաշտպանության նախարարությունից՝․ ճի՞շտ է, որ շուրջ 160 հայ զինվոր գտնվում է Իրանում, ՊՆ լրատվական վարչության ղեկավար Գևորգ Ալթունյանն ի պատասխան հարցի, ասել է հետևյալը․ «Պաշտպանության նախարարությունն այս թեմայով մեկնաբանություն չունի»։


