Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը շարքային քաղաքացիներից մեկի հետ հաշիվ մաքրելով է զբաղված եղել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, բացի տեսախցիկների առաջ մաքուր, չփոշոտված հագուստով ու փայփլուն կոշիկներով լուսանկարվելուց ու դրանք տարածելուց, նախարար Արմեն Փամբուխչյանը, փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը և նախարարի օգնական Հայկ Ստեփանյանը փրկարարների համար ջուր տանելու հորդոր հնչեցրած քաղաքացիներից մեկի հետ հարց-պատասխանի մեջ են մտել: Դա եղել է ոչ թե միջնորդավորված, այլ անձամբ են արել՝ պաշտոնական դիրքի գործադրմամբ կամ չարաշահմամբ:
«Ժողովորդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 15-ին քաղաքացիներից մեկը Facebook-ի ուղիղ եթերով հայտարարել է, թե «Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող փրկարարները ջրի կարիք ունեն, ու լավ կլինի տղաներին ջուր հասցնել: Քաղաքացու խոսքերը նախարարի օգնական, «հեղափոխությունը պահպանող» Հայկ Ստեփանյանին են հասել, ինչից հետո նա գնացել, գտել է ուղիղ եթեր մտած քաղաքացուն ու պատասխան պահանջել: «Սուրմալու»-ի պայթյունի օրերին նախարար Փամբուխչյանի թիկունքին թիկնապահի հայացքով ու կեցվածքով կանգնած «պահապանի» հարցուպատասխանն, ըստ երևույթին, չի բավարարել լրջագույն կառույցի ղեկավարին, ու նախարար Արմեն Փամբուխչյանն անձմաբ է օգնության հասել լրատվամիջոցի դեմ ձվերով պայքարող իր օգնականին: Փամբուխյանին էլ նրա ախալքալաքցի տեղակալը՝ Արտյուշ Գրիգորյանն է ուղեկցել:
Երկու պետական բարձրաստիճան պաշտոնյաներն են փորձել պատասխաններ ստանալ «նախարարության աշխատանքի վրա ստվեր գցող» տղամարդուց՝ ինչպես է համարձակվել ջրի հարց բարձրացնել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած այս տեղեկությունն ամբողջությամբ հաստատեց նախարարի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը եւ վստահեցրեց, որ հարցուպատասխանի ժամանակ ծեծկռտուք, քաշքշոց չի եղել: «Խոսել են, հարցը հարթվել, անցել, գնացել է»,- նշեց նա: Ի՞նչ է ստացվում. այդ օրերին, երբ բոլորիս ուշքն ու միտքը «Սուրմալու»-ի աղետաբեր պայթյունն էր ու հույսը, որ այնտեղ գուցե դեռ ողջ մարդիկ լինեն, գերատեսչության թիվ մեկ պատասխանատուն «բազարների» մեջ մտնելու սիրտ ու ժամանակ ուներ: Երիտասարդ նախարարը, ավելի լավ է, հաշիվներ մաքրելու փոխարեն, մտածի՝ ինչ անել, որ, Աստված մի արասցե, հաջորդ ֆորս մաժորի ժամանակ հարազատին փնտրող քաղաքացիներն իր ղեկավարած կառույցից դժգոհություններ չունենան:
Ի դեպ, Փամբուխչյանն այն անձանցից է, որ մինչև 2018-ի քաղաքական վերադասավորումներն ու պաշտոն ստանալը իր պարտքն էր համարում ամեն մի երևույթի մասին Facebook-ում կարծիք գրել, մեկնաբանություններ թողնել ու բանավիճել՝ իր գրառումները «դը Փամբ» գրությամբ ստորագրելով: Նա նաև այն «հեղափոխականներից» էր, որ Նիկոլ Փաշինյանի ու մյուս թիմակիցների հետ զօրուգիշեր դատափետում էր ՀՀ «հպատ ու արժանապատիվ» քաղաքացիներից վրեժխնդիր լինող սուրիկխաչատրյաններին, մանվելգրիգորյաններին ու մյուսներին: Փաստորեն, ժամանակների հետ բարքերը չեն փոխվել. պաշտոնն էր պակասում երիտթևին:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝