ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն, արձագանքելով մամուլի հրապարակումներից մեկին, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մհեր ջան, հարազատ, սխալ ես ընկալում իրականությունը...
Մեր երեխաները ջիփերի կարիք չունեն, մեր երեխաները թիկնապահների կարիք չունեն, պետական առանձնատան կարիք չունեն։
Շուշանը մինչեւ հիմա ամաչում է ընկերուհիներին հրավիրել մեր տուն, որովհետեւ չի ուզում տարբերվել նրանցից։
Աշոտը ամեն հանդիպման ժամանակ ասում է. «Մամ, հիշում ես չէ՞, որ ես բանակից գամ, իմ հետ «ախրանա» չի լինելու, երթուղայինով ու տաքսիներով եմ ման գալու», ու ես ընտանեկան մեծ վեճը հետաձգելու համար ամեն անգամ պատասխանում եմ՝ կգաս, կխոսենք, տղաս։
Մարիամը ռեժիմով լաց է լինում, որ չի կարող միայնակ մի տեղ գնալ եւ մշտապես ինչ-որ մարդկանց ուշադիր հայացքի ներքո է: Նա, ի դեպ, ասել է այդ մեքենան պետությանն է, որովհետեւ այդ մեքենան չի համարում իրենը, ոչ թե որովհետեւ իրեն համարում է պետությունը։
Արփին մի շաբաթ առաջ ինձ էլի ասաց, որ ուզում է մեր տուն գնանք, որովհետեւ իր այնտեղի խաղալիքներն է ուզում։ Խաղալիքները հետներս բերել ենք, կարծում եմ՝ դու հասկանում ես, թե երեխան ինչն է կարոտում։
Հարազա՛տ, ոչ մի ՊՊԾ ջիփ, ավտոմատավոր մարդկանցով շրջապատված մեծ տուն չի կարող մեր երեխաների համար գայթակղիչ լինել, որովհետեւ նրանց մենք այլ կերպ ենք դաստիարակել, նրանց արժեքային «ցանկը» բոլորովին ուրիշ է։
Եթե նրանք ձգտում էլ են ինչ-ինչ ճոխությունների՝ գիտեն, որ իրենց քրտինքով պետք է վաստակեն դրանք։ Մարիամն, օրինակ, իր աշխատավարձից ինչ-որ գումար մի կողմ է դնում, իր համար մեքենա գնելու նպատակով։
Այս ամենը անկեղծորեն գրեցի, որպես առաջին ձեռքից ինֆորմացիա, որը օգտակար կլինի մեր ընտանիքի մասին տարբեր վերլուծություններ անելիս:
Դիտեք նաև՝