ՀՀ քննչական կոմիետի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Նորայր Զաքարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2014թ. հոկտեմբերի 5-ին Ն.Զաքարյանը հաղորդում է ներկայացրել, որ նույն օրը՝ ժամը 05:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի մերձակայքում գտնվող, Բ.Սարգսյանին պատկանող անասնագոմի տանիքում վերջինս կացնով հարձակվել է իր վրա և փորձել սպանել:
Նախաքննությամբ պարզվել է, որ 1973թ. ծնված Ն.Զաքարյանը Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում մշտական բնակություն հաստատելու մտադրությամբ 2014թ. սեպտեմբերի 22-ին հյուրընկալվել է Բ.Սարգսյանին և ժամանակավորապես բնակվել նրան պատկանող անասնագոմի տանիքում՝ այնտեղ տեղադրելով վրան-կացարան: Քննության տվյալներով` Ն.Զաքարյանը և Բ.Սարգսյանը ծանոթացել են Ն.Զաքարյանի` Սյունիքի մարզի Լիճք գյուղում տեղակայված զորամասում 1990-ականներին ծառայելու ընթացքում:
2014թ. հոկտեմբերի 5-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, Բ.Սարգսյանը, Ն.Զաքարյանին ընկալելով որպես թշնամի երկրի լրտես, նրան դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, նախապես իր հետ վերցրած քար տաշելու համար նախատեսված կացնանման գործիքով, բարձրացել է անասնագոմի կտուր:
Կենցաղային տարաբնույթ հարցերի շուրջ զրույցի ընթացքում Ն.Զաքարյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Բ.Սարգսյանը կացնանման գործիքը նետել է Ն.Զաքարյանի գլխի ուղղությամբ, սակայն վերջինս, կռահելով հարվածի ուղղությունը, կարողացել է խուսափել գլխին ուղղված հարվածից: Փախուստի դիմած Ն.Զաքարյանի ուղղությամբ Բ.Սարգսյանի երկրորդ հարվածը ևս չի հասել նպատակակետին և Ն.Զաքարյանին հաջողվել է դուրս ցատկել կտուրից և հեռանալ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Բ.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Բ.Սարգսյանը 1976 թվականից հաշվառված է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում՝ «Դանդաղընթաց շիզոֆրենիա պարանոիդ սինդրոմ» ախտորոշմամբ:
2014թ. նոյեմբերի 20-ին ստացված ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ Բ.Սարգսյանը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձև, պարաֆրեն էտապ» հոգեկան հիվանդությամբ:
Ըստ փորձաքննության՝ հանցանք կատարելու պահին նա գտնվել է նշված հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է զառանցական ապրումների ազդեցության ներքո, որը զրկել է նրան գործողությունների համար իրեն հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ունակությունից, ուստի՝ մեղսագրվող արարքի նկատմամբ Բ.Սարգսյանը ճանաչվել է անմեղսունակ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 457-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ մեղադրյալ Բ.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը 2014 թվականի նոյեմբերի 24-ին վերացվել է և որպես անվտանգության միջոց՝ կիրառվել հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը. նա տեղափոխվել է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր»:
Նկատի ունենալով, որ Բ.Սարգսյանը վերոգրյալ հանրորեն վտանգավոր արարքը կատարել է անմեղսունակության վիճակում, ուստի՝ քրեական գործը՝ նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու եզրափակիչ որոշմամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին