Հայտնել էինք, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել։ Կրակոցների հետևանքով, ըստ շրջանառվող լուրերի, սպանվել է Ախտոյանի հորաքրոջ որդին, մեկ անձ վիրավորում է ստացել։ Լրագրողների հետ զրույցում հարևաններն ասել են, որ սպանվածը 30 տարեկան էր, նոր էր նշանադրվել: «Գիշերն է եղել կրակոցը, ես իմացա՝ սալյուտ է... Կարծեմ քաղաքական հողի վրա է եղել կռիվը, նախապատմություն ունի, եսիմ որ թվից իրար փոր են թափում: Համայնքի ղեկավարը ՔՊ-ական է, գյուղի բնակիչների կեսը էս կողմն է, կեսը՝ էն»,- ասել է բնակիչներից մեկը: «Մահացածը խելոք, սիրուն տղա էր»,- հավելել է մյուս բնակիչը: *** Հարևաններից մեկը տեղի ունեցածի մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում: Լրագրողի դիտարկմանը՝ գյուղապետն աչքի է ընկնում նմանատիպ պատմություններով, կալանավորված էր, նոր է դուրս եկել, բնակիչն ասել է. «Ընտրություններից հետո քաղաքական հողի վրա միշտ նման ղալմաղալներ են լինում... Էն գլխից իրար փոր են թափում, մի հինգ տարի է՝ կոնֆլիկտի մեջ են»: Մյուս հարցին՝ այսինքն իրենք ՔՊ-ական են, բայց գյուղի որոշ մասը դե՞մ է իրենց, պատասխանել է՝ այո: *** Մերձավանի վարչական ղեկավարի եղբայրը լրագրողների հետ զրույցում ասել է՝ երբ նախաքննությունն ավարտվի, ամեն ինչ պարզ կլինի. «Էսի իմ բնակարանն ա, իմ ախպոր բնակարանն ա. մեր տան վրա է եղել հարձակումը, այդքանը կարող եմ ասել»,- նշել է նա: ***
|